
Շատ երկրներ արգելում են դեռահասների մուտքը սոցցանցեր, մինչդեռ Հանրային ՀԸ-ն գովազդում է Facebook-ն ու TikTok-ը․ կրթության փորձագետ
Աշխարհի բազմաթիվ երկրներ կոնկրետ քայլեր են անում մինչև 15-16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր արգելելու կամ սահմանափակելու ուղղությամբ․ Facebook-ի իր էջում գրել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Կան շատ հիմնավոր ապացույցներ, որ սոցիալական ցանցերը ահռելի վնաս են հասցնում երեխաներին, կրթության գործընթացին։ Աշխարհի շատ երկրներում մարդիկ դատի են տալիս սոցիալական ցանցերի տերերին՝ իրենց երեխաների մոտ կախվածություն առաջացնելու համար։ Վերջերս անցկացված հարցման արդյունքներով, Z սերնդի (1997-2011թթ. ծնվածներ) ներկայացուցիչների զգալի մասն ասել է, որ երանի սոցիալական ցանցերը ստեղծված չլինեին։
Եվ այս իրավիճակում Հ1-ով և Հայաստանի այլ հեռուստաալիքներով ամիսներ շարունակ գովազդ է գնում. ԱԲ-ով ստեղծված երեխաները հայտնի դերասան Գարիկ Պապոյանի նվագակցությամբ երգում են․ «Թող լինի միշտ Facebook-ը, թող լինի միշտ TikTok-ը։ Այլապես, ո՞ւմ է պետք մեր ապրելը»։
Կա՞ աշխարհում մեկ այլ երկիր, որտեղ Հանրային ալիքը սոցիալական ցանցերի գովազդ է անում։ Հասկանալի է, որ մենք վերջիններից մեկն ենք պայքարելու սմարթֆոնների և սոցիալական ցանցերի դեմ, բայց գոնե գովազդ մի՛ արեք»,- նշել է նա։


