
Խաղաղությունը կարող է սկսվել մեր երեխաներից․ Մելանյա Թրամփը բանակցում է Պուտինի հետ ուկրաինացի երեխաների և նրանց ընտանիքների վերամիավորման շուրջ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ կապի մեջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտության պատճառով իրենց ընտանիքներից բաժանված ուկրաինացի երեխաների հարցով․ գրում է The Hill-ը։
Նա հույս է հայտնել, որ Պուտինի հետ բանակցությունների միջոցով այդ երեխաներից շատերը կկարողանան վերադառնալ իրենց ընտանիքներ։
«Ես աշխատում եմ այդ ուղղությամբ․ բանակցություններն ընթացքի մեջ են։ Հուսով եմ՝ շուտով հաջողության կհասնենք», – լրագրողներին ասել է տիկին Թրամփը։
Օգոստոսին նա հայտարարել էր, որ նամակ է գրել ՌԴ նախագահին՝ մտահոգություն հայտնելով ընտանիքներից բաժանված և հակամարտության հետևանքով տուժած երեխաների վերաբերյալ։ Հոկտեմբերին նա հայտարարեց, որ ուկրաինացի 8 երեխա վերամիավորվել է ընտանիքների հետ՝ հավելելով, որ ՌԴ-ն համաձայնել է նաև վերադարձնել պատերազմի ժամանակ անչափահաս տարիքում տեղահանված, սակայն «կարճ ժամանակահատվածում» 18 տարեկան դարձած անձանց։
«Սա շարունակական գործընթաց է։ Արդեն իսկ մշակվում են ծրագրեր՝ մոտ ապագայում ավելի շատ երեխաների և նրանց ընտանիքների վերամիավորման համար։ Հուսով եմ՝ շուտով խաղաղություն կհաստատվի․ այն կարող է սկսվել մեր երեխաներից», – ասել է ԱՄՆ առաջին տիկինը։


