
TRIPP-ը կենսական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար, սակայն սպառնալիք է ՀՀ-ի ինքնիշխանությանը․ Свободная Пресса
Վաշինգտոնը քաղաքական հայտարարություններից անցնում է Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի հետ Հայաստանի միջոցով կապող հիմնական զարկերակի գործնական նախագծմանը։ Փաստորեն, «տեխնիկական խորհրդատուի» քողի տակ Միացյալ Նահանգները դառնում է ամբողջ Հարավային Կովկասի տրանսպորտային կոնֆիգուրացիայի ճարտարապետը։ Այս մասին Свободная Пресса-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Միխայիլ Վարշավան։
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները երկարաժամկետ լծակներ է ձեռք բերում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ հոսքերի վրա՝ ստեղծելով այլընտրանք ռուսական և իրանական երթուղիներին։
Վարշավան կարծում է, որ այս նախագիծը երկկողմանի սուր է Հայաստանի համար։ Մի կողմից՝ Երևանը ստանում է ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և տարանցիկ հանգույցի կարգավիճակի խոստումներ։ Մյուս կողմից՝ այն կամավոր կերպով իր տարածքի մի մասի նկատմամբ ռազմավարական վերահսկողությունը զիջում է արտաքին կառավարմանն, ինչը աննախադեպ քայլ է՝ ազգային ինքնիշխանության առումով։
«Կարևոր է նաև, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ներկայումս պլանավորում է այցելել Հայաստան, որը նախատեսված է որպես Սպիտակ տան կողմից նախագծին աջակցության խորհրդանշական հաստատում՝ օգնելով հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից տեղափոխել «բարգավաճ տարանցիկ ապագայի» պատկերի վրա։ Այսպիսով՝ TRIPP-ը մի նախագիծ է, որտեղ լոգիստիկան և սոցիալ-տնտեսական օգուտները ծառայում են որպես քաղաքականության քողարկում», – նշել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ դա օգուտ է բերում ԱՄՆ-ին, որը ձեռք է բերում ազդեցության մշտական կետ, օգուտ է բերում Ադրբեջանին, որին տրամադրում է ցամաքային միջանցք, և կենսական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար՝ որպես իշխանության հենասյուն։ Սակայն, Հայաստանի համար երկարաժամկետ հետևանքները կլինեն ինքնիշխանության մասնակի կորուստը և համակարգված զիջումներն Ադրբեջանին։ Իսկ ավելի ուշ, երբ Բաքվի ախորժակը մեծանա, Վաշինգտոնը կկարողանա ճնշում գործադրել Երևանի վրա՝ օգտագործելով TRIPP-ի խաղաքարտը։


