ABCMEDIA
Հրանտ Մելիք-Շահնազարյանը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ

Այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Ծանոթանալով իրեն հղված բաց նամակիս բովանդակությանը՝ պարոն Նախագահը խնդրել է, որ ավելի հանգամանալից ներկայացնեմ իմ դիրքորոշումն ու փաստարկները։ Պետք է շատ անկեղծ ասեմ՝ զրույցի ընթացքից գոհ եմ։ Սամվել Շահրամանյանը կանգնած է դժվար որոշում կայացնելու անհրաժեշտության առջև և այս փուլում ցանկանում է ծանոթանալ բոլոր կողմ և դեմ փաստարկներին։

Վստահ եմ՝ իմ մոտեցումներն ընդունելի էին նրա համար։ Սակայն իր մտահոգություններն էլ են ծանրակշիռ։ Ես շնորհակալ եմ պարոն Շահրամանյանին այս քննարկման համար։ Լիահույս եմ, որ մինչև տարվա վերջ Արցախի իշխանությունները կընդունեն իմ կարծիքով միակ ճիշտ որոշումը և կհայտարարեն Սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկման մասին։

Սիրելի հայրենակիցներ, բայց որպեսզի այդ որոշումը կայացվի, մեզնից յուրաքանչյուրը նույնպես կարևոր անելիք ունի։ Մենք պետք է կանգնենք Արցախի պետականության և նրա իշխանությունների թիկունքին։ Վստահ եմ՝ շատերդ եք տեսել, թե ինչ արշավ է սկսվել Արցախի դեմ։ Թշնամին ուզում է, որ 2024թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը լուծարվի։ Ես կարծում եմ, որ բոլորիս պարտքն է ամեն կերպ խոչընդոտել կործանարար այդ ընթացքին։ Պետք է դիմակայել հակաարցախյան քարոզչության բոլոր դրսևորումներին և հորդորել Արցախի քաղաքական վերնախավին մինչև վերջ դիմակայել ամեն տեսակ դժվարություններին՝ փրկելու պետականության փշրանքները։ Վստահեցնում եմ՝ այդ սերմերն անպայման պտուղ են տալու»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։