15 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երբ և ինչպես խորհրդային 11-րդ բանակն առաջին անգամ մտավ Երևան

Երբ և ինչպես խորհրդային 11-րդ բանակն առաջին անգամ մտավ Երևան

1920 թվականի աշնանը Հայաստանի Առաջին Հանրապետությունը խոր ճգնաժամի մեջ էր։ Հայ-թուրքական պատերազմը երկիրը կանգնեցրել էր սոցիալ-տնտեսական և քաղաքական աղետի առաջ։  Հատկապես ծանր էր գաղթականների կարգավիճակը, որոնք զրկված էին տարրական կենսական պայմաններից: Հանրապետության ողջ բնակչությանը սով էր սպառնում։

Այս և տարածաշրջանային, աշխարհաքաղաքական մի շարք գործոններն ուրվագծում էին, որ Հայաստանի Առաջին Հանրապետությանը սպասվում են դժվար օրեր:

1920 թվականի նոյեմբերի 29-ին Իջևանի կողմից Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն Սարգիս Կասյանի գլխավորությամբ մտնում է Հայաստան: Արդեն դեկտեմբերի 2-ին Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:

Երկու օր անց՝ դեկտեմբերի 4-ին, Երևան է ժամանում նոր կառավարությունը՝ Սարգիս Կասյանի գլխավորությամբ: Օրեր անց՝ դեկտեմբերի 6-ին, Երևան են հասնում և փողոցներում շրջում ռուս խորհրդային բանակի զինվորները:

Այդ օրերի իրադարձությունների մասին իր հուշերում պատմում է Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը: «Դեկտեմբերի 6-ին Երևան մտան ռուս-խորհրդային բանակի առաջին զորամասերը։  Ես ականատես էի այդ տեսարանին իմ բնակարանի պատուհանեն, որ կգտնվեր Երեւանի գլխավոր` Աբովյան փողոցին վրա, ուրկե կանցնեին զորքերը իջնելով Քանաքեռ գյուղեն եւ ուղևորվելով նախկին Խորհրդարանի շենքը, որուն առջև տեղի ուներ գրեթե մնայուն միտինգ։ Ինչպես հին ցարական օրերուն` վաղ առավոտե նոր կառավարության պաշտոնյաները տունե տուն անցնելով` կհրամայեին պատուհաններու եւ պատշգամբներու վրա կախել գորգեր և որեէ կարմիր կտոր։ Նույնպիսի կարգադրություն եղավ և իմ տիրոջը։ Ժամը 4-ին երևացին զորքերը, որոնց ընդառաջ գացին Դրոն և քաղաքապետը։ Զորքերը երկու տեսակ էին, կազակներ եւ թնդանոթաձիգ զորամաս։

Անոնք հոգնած դեմք ունեին, հագված էին վատ։ Առանց միջադեպերու անցան գացին վաղօրոք պատրաստված մասնավոր բնակարանները։ Ժողովուրդը վախեն փողոց չէր դուրս գար։  Մայթերու վրա կանգնած էին խումբերով պատանիներ և քանի մը երիտասարդներ կարմիր նշաններով»։ (Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», Երևան, 1968, էջ 319)։

Ալեքսանդր Խատիսյանը նշում է, որ Երևան ժամանած նոր կառավարության առաջին գործն էր կառավարության նոր անդամներին գտնել բնակարաններ և ապահովել դրանով: Այդ գործում նրանց օգնում էին նաև ռուս խորհրդային բանակի զինվորները: Ովքեր կարճ ժամանակ անց սկսում են նաև իրականացնել բռնազավթումներ և ձերբակալություններ: Այսպիսով, 1920 թվականի դեկտեմբերյան իրադարձությունները նշանավորեցին  Հայաստանի Առաջին Հանրապետության անկումն ու խորհրդային իշխանության հաստատումը՝ կտրուկ փոխելով երկրի քաղաքական ու հասարակական ընթացքը։

Ռազմագերիներ