
Օդում կախված է ոչ միայն գերիների հարցը, այլև ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանցիների դուրս գալը․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին ու դրա մասին Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի հայտարարությունը ցույց տվեց՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսը ֆորմալ առումով է բարձրաձայնել թեման, որպեսզի «խնամքով շրջանցեն» այն։
«Ադրբեջանի ղեկավարն ըստ էության ցույց տվեց, որ այդ թեման առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետև հենց այնպես շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հարաբերությունների ֆոնին, որպես այդպիսին, չի կարող լինել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ սա ևս մեկ արձանագրում էր նաև այն բանի, որ Հայաստանի իշխանությունների համար սա առաջնային օրակարգային հարց չի եղել, թեև կարող է որևէ ձևով արծարծված լինել»,–ասել է Աբրահամյանը։
Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանի իշխանության համար գերիների հարցը հրատապ խնդիր չէ, դրանց շուրջ բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում։
Աբրահամյանի խոսքով՝ օդում կախված է ոչ միայն գերիների հարցը, այլև ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքում մխրճված լինելու հարցը։
«Փաստերի այդ իրողությունը ըստ էության այնքան էլ ցույց չի տալիս, որ Ադրբեջանը որևէ հակվածություն ունի այդ հարցը որևէ փուլում քննարկումների առարկա դարձնելու, առավել ևս՝ դուրս գալու այն հատվածներից, որոնք այս պահին օկուպացված են»,- ասել է Աբրահամյանը։


