
Ես սիրում եմ իմ երկիրը, բայց այս պահին ես այն չեմ ճանաչում․ Անջելինա Ջոլին պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի կյանքի հաջորդ գլուխը հնարավոր է սկսվի Հոլիվուդից շատ հեռու․ նա պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից․ գրում է Fox News-ը։
Աշխարհահռչակ դերասանուհին սպասում է իր երկվորյակ երեխաների՝ Վիվիենի և Նոքսի չափահաս դառնալուն՝ նախքան երկար մտածված որոշման իրականացումը։ Երեխաները չափահաս կդառնան այս տարվա հուլիսի 12-ին։
«Նա արտասահմանում մի քանի վայր է դիտարկում․ նա շատ ուրախ կլինի, երբ կարողանա լքել Լոս Անջելեսը»,- նշում է Fox News-ի աղբյուրը։
Դերասանուհու՝ արտասահման տեղափոխվելու որոշումը հիմնված է մեկ առաջնահերթության վրա՝ նրա երեխաները։
«Երբ մեծ ընտանիք ունես, ուզում ես, որ նրանք ունենան անձնական կյանք, խաղաղություն, անվտանգություն»,- 2024 թվականին ասել է Ջոլին՝ հավելելով, որ շատ ժամանակ կանցկացնի Կամբոջայում։
«Կամբոջան այն երկիրն էր, որտեղ ես իմացա փախստականների մասին։ Այն ինձ ստիպեց զբաղվել արտաքին հարցերով այնպես, ինչպես երբեք չէի արել, և միանալ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարին․ ամենից առաջ, այն ինձ մայր դարձրեց»,- ավելի ուշ դերասանուհին ասել է Vogue India-ին տված հարցազրույցում:
«Ես սիրում եմ իմ երկիրը, բայց այս պահին ես այն չեմ ճանաչում։ Հիմա այնքան լուրջ ժամանակներ են, որ մենք պետք է զգույշ լինենք, որ անլուրջ բաներ չասենք։ Հիմա չափազանց ծանր ժամանակներ են»,- ասել է Ջոլին։


