Սեպտեմբերի 26-ի հրամանագիրը պետք է չեղարկվի․ Դրա համար ընդամենը մեկ շաբաթ ժամանակ է մնացել․ Հրանտ-Մելիք Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ-Մելիք
Շահնազարյանը ընդգծում է՝ եթե եղել է Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիր,
ուրեմն պետք է լինի նաև այդ թուղթը չեղարկող մեկ այլ հրամանագիր, կամ համապատասխան
ուրիշ փաստաթուղթ։
«Եթե եղել է Արցախի
Հանրապետությունը լուծարելու հրամանագիր, ուրեմն պետք է լինի նաև այդ թուղթը չեղարկող
մեկ այլ հրամանագիր, կամ համապատասխան ուրիշ փաստաթուղթ։ Արցախի իշխանությունները չեն
կարող պարզապես կանգնել ու ասել՝ համարեք, թե նման թուղթ չի եղել։ Այդ տրամաբանությամբ
վաղն էլ կարող են ասել՝ համարեք, թե Արցախը չենք կորցրել, Ստեփանակերտում ենք ապրում
և այլն։
Ես իհարկե հասկանում
եմ, որ Սամվել Շահրամանյանի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրի չեղարկումն այժմ որևէ կերպ
չի բարելավելու ո՛չ Արցախի, ոչ էլ արցախցիների կացությունը։ Բայց երկու կարևոր հանգամանք
կա, որոնք չի կարելի հաշվի չառնել։
Խոսքը նախ վերաբերվում
է քաղաքական և իրավական հարթություններում Արցախի ճակատագրին վերաբերող ապագա դիսկուրսներին։
Ադրբեջանի դեմ տեղեկատվական, քարոզչական, իրավական, պատմական և այլ ոլորտներում աշխատած
ցանկացած մասնագետ կհաստատի, թե որքան կարևոր են նման փաստաթղթերը այս կամ այն թեզը
հաստատելու և/կամ հերքելու համար։ Միթե՞ հասկանալի չէ, որ ապագա այդ բանավեճերում Ադրբեջանն
արդեն ունի հղման աղբյուր։ Իսկ մե՞նք։ Ո՞նց ենք ապացուցելու, որ նախ թշնամին հղվում
է արդեն գոյություն չունեցող փասթաթղթի վրա և ապա, որ այդ հրամանագիրն էլ ստորագրվել
է արցախահայությանն ամբողջությամբ կոտորելու Ադրբեջանի սպառնալիքների ներքո։
Երկրորդ հանգամանքն
ավելի կարևոր է։ Այն վերաբերում է Արցախի համար պայքարելու ազգային նպատակադրումներին։
Այսինքն, եթե այսօր չի չեղարկվում հայտնի հրամանագիրը, դա հերթական ապացույցն է այն
բանի, որ ոչ միայն պայքար, այլև պայքարի ցանկություն չկա։ Դա նաև ապացույցն է այն բանի,
որ այս հարցում Նիկոլն ու Ալիևն են ճիշտ և ոչ թե բոլոր նրանք, ովքեր համարում են, որ
Արցախը մեր Հայրենիքն է ու որ մենք չպետք է հրաժարվենք այն վերականգնելու մեր նպատակներից։
Այնպես որ, Արցախի իշխանություններին խորհուրդ եմ տալիս չգնալ
կեղտոտ այդ ճանապարհով։ Նրանք դեռ կարող են իրավիճակի շտկմանն ուղղված առաջին քայլերն
անել։ Նրանք դեռ կարող են խուսափել Նիկոլի ճակատագրին արժանանալու հեռանկարից։ Ես գիտեմ
ու հասկանում եմ, որ խոչընդոտող շատ հանգամանքներ կան։ Որ Ադրբեջանում պահվող գերիներ
ունենք։ Որ ներսից էլ մեծ ճնշում կա։ Բայց Հայրենիքը պետք է առաջին տեղում լինի։ Սեպտեմբերի
26-ի հրամանագիրը պետք է չեղարկվի։ Դրա համար ընդամենը մեկ շաբաթ ժամանակ է մնացել»,-
գրել է Մելիք-Շահնազարյանը՝ սոցցանցի իր էջում։