
Ովքեր սիրում են ազատությունը, պետք է վախենան ոչ թե ՌԴ-ից, այլ ԵՄ-ից․ Վիկտոր Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրի առջև ծառացած իրական սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է, այլ ԵՄ-ն․ գրում է CNN-ը։
Շաբաթ իր ելույթում Օրբանը ԵՄ-ն համեմատել է խորհրդային բռնապետական ռեժիմի հետ, որն անցյալ դարում ավելի քան 40 տարի գերիշխել է Հունգարիայում։ Նա նաև չի ընդունել եվրոպացի մի շարք առաջնորդների համոզմունքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնալիք է ներկայացնում մայրցամաքի անվտանգության համար։
«Մենք պետք է սովորենք այն մտքին, որ նրանք, ովքեր սիրում են ազատությունը, պետք է վախենան ոչ թե Արևելքից, այլ Բրյուսելից։ Պուտինի նկատմամբ վախ սերմանելը պարզունակ բան է և անլուրջ։ Բրյուսելը, սակայն, շոշափելի իրականություն է և անխուսափելի վտանգի աղբյուր։ Սա է դառը ճշմարտությունը, և մենք այն չենք հանդուրժի»,- ասել է Օրբանը։
Նա Կիևին տրամադրվող ռազմական և ֆինանսական օգնության կտրուկ հակառակորդ է եղել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր և պահպանել է սերտ հարաբերություններ Մոսկվայի հետ՝ միաժամանակ ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում իր գործընկերներին ներկայացնելով որպես պատերազմ հրահրողներ։ Դեկտեմբերին նա նշել է, որ «անհասկանալի է, թե ով է ում վրա հարձակվել»։


