
Հայաստանը շահագրգռված չէ այլ երկրների ռազմական ուժեր տեղակայել ՀՀ տարածքում․ Սարգիս Խանդանյան
TRIPP նախագիծը միանշանակ օգտակար է, իհարկե, տնտեսական առումով, Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից, բայց նաև այստեղ չենք կարող մոռանալ անվտանգային և աշխարհաքաղաքական կոմպոնենտը, որովհետև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն ամենաբարդ հարցերից է եղել Հայաստանի և Ադրբեջանի վերջին տարիների բանակցություններում․ ուսանողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
ԱԺ պատգամավորը նշել է, որ Հայաստանը շահագրգռված չէ այլ երկրների ռազմական ուժեր տեղակայել Հայաստանի Հանրապետության տարածքում, հատկապես՝ սահմանների երկայնքով։
«Մեր ամբողջ անվտանգային պաշտպանական ռազմավարության զարգացման տեսլականը սեփական ուժերի վրա հիմնված, մեր անվտանգային համակարգը մոդեռնիզացնելու ճանապարհով ենք տեսնում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագիրը ստորագրել որքան հնարավոր է շուտ․ «Այո՛, նաև ընտրություններից առաջ, ինչու ոչ։ Այս առումով Հայաստանը պատրաստակամ է, Հայաստանը հաշտ է խաղաղության պայմանագրի տեքստի հետ, Հայաստանն իր համաձայնությունն է տվել այդ տեքստին։ Դա Ադրբեջանից է կախված, սա այն հարցերից մեկն է, որտեղ Հայաստանը 100%-ով պատրաստ է դա անել»։
Խանդանյանը նշել է, որ հնարավոր է վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը․ «Հիմա մենք մի իրավիճակում ենք, որ այդ կոնցեսիան պատկանում է Ռուսաստանին, և մեր առաջին զրուցակիցը ռուսական կողմն է, և ռուսական կողմից պատասխանի ենք սպասում»։


