
Հնարավոր հարձակում Իրանի դեմ․ ԱՄՆ-ն 2003-ին Իրաք ներխուժումից ի վեր ամենամեծ օդուժն է տեղակայել Մերձավոր Արևելքում․ WSJ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում զգալի թվով կործանիչներ և օժանդակ ինքնաթիռներ՝ տարածաշրջանում տեղակայելով ամենամեծ օդուժը՝ 2003 թվականին Իրաք ներխուժումից ի վեր․ գրում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել՝ հարվածե՞լ, թե՞ ոչ, և եթե այո, ապա որն է լինելու հիմնական նպատակը՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցո՞ւմը, նրա հրթիռային ուժի ոչնչացո՞ւմը, թե՞ ռեժիմի տապալումը։
Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ տեղակայված ռազմական միջոցներն ԱՄՆ-ին հնարավորություն կտան Իրանի դեմ մղել շաբաթներ տևող երկարատև օդային պատերազմ՝ ի տարբերություն հունիսին ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա իրականացված հարվածի։
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն այս շաբաթ հանդիպել են Ժնևում՝ Իրանի կողմից ուրանի հարստացման վերաբերյալ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցելու համար: Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ այդ բանակցություններում «փոքրիկ առաջընթաց» է գրանցվել, սակայն հավելել է. «Մենք դեռևս շատ հեռու ենք որոշ հարցերում համաձայնության հասնելուց»:
Նա հայտարարել է, որ Իրանն, ամենայն հավանականությամբ, ավելի մանրամասն առաջարկ կներկայացնի ԱՄՆ-ին առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ն Իրանին հնարավոր հարված հասցնելու համար իր ունեցած ոչ բոլոր զենքերն է տեղակայել Մերձավոր Արևելքում, և նույնիսկ անհրաժեշտ էլ չէ, որ տեղակայի։ B-2 ռմբակոծիչները վաղուց կարող են Մերձավոր Արևելքում առաքելություններ իրականացնել անմիջապես ԱՄՆ-ի տարածքից, ինչպես դա արեցին հունիսին Իրանի միջուկային օբյեկտների դեմ, կամ Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիայի ԱՄՆ-Մեծ Բրիտանիա համատեղ բազայից։
Թրամփը բազմիցս սպառնացել է հարձակվել Իրանի վրա, եթե բանակցությունները ձախողվեն։
«Չեմ կարծում, որ նրանք ցանկանում են տեսնել գործարք չկնքելու հետևանքները»,- երկուշաբթի լրագրողներին ասել էր ԱՄՆ նախագահը։


