
Բիլ Գեյթսը չեղարկել է AI-ին նվիրված գագաթնաժողովում ելույթը՝ Էփշտեյնի հետ կապերի վերաբերյալ հարցերի ֆոնին
Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը հրաժարվել է մասնակցել Հնդկաստանում կայանալիք AI Impact Summit-ին՝ մանկապղծության համար մեղադրված Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապերի մասին տեղեկությունների ֆոնին․ գրում է The Guаrdian-ը։
Միլիարդատերն այս շաբաթվա սկզբին մեկնել էր Հնդկաստան, որտեղ նրա հիմնադրամն արհեստական բանականության (AI) ոլորտում համագործակցում է կառավարության հետ։ Հայտարարվել էր, որ նա գագաթնաժողովում ելույթ կունենա երկրի վարչապետ Նարենդրա Մոդիից կարճ ժամանակ անց։
Սակայն հինգշաբթի առավոտյան Գեյթսը հանկարծակի հրաժարվել է ելույթ ունենալ։
«Մանրակրկիտ քննարկումից հետո գագաթնաժողովի հիմնական առաջնահերթությունների վրա ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով՝ պարոն Գեյթսը հանդես չի գա իր հիմնական ելույթով», – նշվում է «Գեյթս» հիմնադրամի հայտարարության մեջ։
Թեև հիմնադրամը չի նշում, թե ինչը կարող է ուշադրություն շեղել գագաթնաժողովի հիմնական նպատակից, միլիարդատերը վերջին շրջանում՝ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի վերջին հրապարակումից հետո, հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։
Նա հայտարարել է, որ «զղջում» է Էփշտեյնին ճանաչելու համար, այն բանից հետո, երբ Էփշտեյնին գործով փաստաթղթերի մեջ ի հայտ եկան մեղադրանքներ, որ նա սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է թաքցրել իր այն ժամանակվա կնոջից՝ «ռուս աղջիկների» հետ շփումից հետո։


