
ԱՄՆ բարձրաստիճան հրամանատարն անսպասելի այցով ժամանել է Վենեսուելա
Լատինական Ամերիկայում ԱՄՆ ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ֆրենսիս Դոնովանը և Պենտագոնի ավագ պաշտոնյա Ջոզեֆ Հյումիրն անսպասելի այցով մեկնել են Վենեսուելա՝ անվտանգության հարցերով բանակցություններ վարելու համար․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների։
Սա ԱՄՆ ռազմական պատվիրակության առաջին այցն է Վենեսուելա այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերն անցյալ ամիս հատուկ գործողության շրջանակում առևանգեցին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրան տեղափոխեցին Նյու Յորք՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։
Վենեսուելայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ ռազմական պատվիրակությունը հանդիպել է ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի, պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոյի և ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոյի հետ։ Կողմերը համաձայնել են համատեղ աշխատել թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության և միգրացիայի դեմ պայքարում։


