
ԱՄՆ-ն ստեղծել է կայք, որը թույլ կտա եվրոպացիներին հասանելիություն ստանալ իրենց կառավարությունների կողմից արգելված տեղեկատվությանը
ԱՄՆ-ն ստեղծել է առցանց պորտալ, որը թույլ կտա Եվրոպայի բնակիչներին տեսնել իրենց կառավարությունների կողմից արգելված բովանդակություն, այդ թվում՝ ատելության խոսք և ահաբեկչական քարոզչություն պարունակող նյութեր․ գրում է Euronews-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Freedom.gov կայքը մշակել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Կայքի գլխավոր էջում ցուցադրված է Երկիր մոլորակի վրայով վազող սպիտակ ձի և ձիու վրա նստած մարդ, իսկ որպես կարգախոս գրված է․ «Տեղեկատվությունն ուժ է․ վերադարձրե՛ք ազատ արտահայտվելու ձեր իրավունքը։ Պատրաստվե՛ք»։
Պորտալը դեռևս պաշտոնապես չի գործարկվել․ դրա գործարկումը նախատեսված էր անցյալ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում։
Reuters-ին չի հաջողվել պարզել՝ ինչու կայքը դեռևս հասանելի չէ, սակայն երկու աղբյուրների խոսքով՝ Պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ իրավաբաններ, մտահոգություններ են հայտնել նախագծի վերաբերյալ։ Նշվում է, որ այն կարող է է՛լ ավելի սրել Թրամփի վարչակազմի և Եվրոպայում ԱՄՆ ավանդական դաշնակիցների միջև կապերը, որոնք արդեն իսկ սրվել են առևտրի շուրջ վեճերի, Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի և Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու՝ Թրամփի մտադրության պատճառով։


