
Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս. թուրք նախարար
Մենք հույս ունենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա նաև տնտեսական հարաբերությունների վրա․ ԱՊԱ գործակալության թուրքական ծառայությանն ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նախարարը նշել է, որ Թուրքիան այս տեսանկյունից աջակցում է կարգավորման գործընթացին։ Բայրաքթարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։
«Ըստ էության՝ կարգավորումը ենթադրում է նաև տնտեսական հարաբերությունների արդիականացում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունն էներգետիկ ոլորտում և օգտագործել այս ուղղությամբ առկա հնարավորությունները։ Հուսով եմ, որ այս գործընթացը կշարունակվի բոլոր կողմերի օգտին», – ընդգծել է նախարարը։


