20 Նոյ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի հիմնական թեզերը

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի հիմնական թեզերը

– Խնդիրն այն է, որ անձամբ ես և մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները,
ինչպես ՀՀ հազարավոր քաղաքացիներ, ներքին խնդիր են ունեցել այդ ամեն ինչի հետ համակերպվելու։
Այսինքն՝ այնպես չէ, որ մենք ներքուստ հաշտվել ենք դրա հետ (Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու),
ուղղակի թաքցրել ենք հանրությունից:

 – 

2019թ․-ին արդեն իմաստուն քաղաքական գործչի
արձանագրումը տեսականորեն պետք է լիներ դա` 7 տարածքները պետք է հանձնել, ԼՂ ընթացիկ
կարգավիճակը զրոյացնել, ԼՂ-ում պետք է հաստատվի մաքսիմում՝ հայ-ադրբեջանական համատեղ
կառավարում, և ԼՂ կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչև
ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն:

– ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի
եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծումը: Մադրիդյան սկզբունքներից ի
վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, դրանք ենթադրել են ԼՂ հարցի չլուծում:

– Մի տարբերակ եղել է միայն 1999 թ.-ին, որը ստորագրելու
պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի և ԼՂ փոխանակման տարբերակն
էր, որ դրանով կարելի էր ավարտվել, որ հարցը փակվեց: Այսինքն՝ Մեղրիի շրջանը հանձնվում
է Ադրբեջանին, ԼՂ-ն միացվում է Հայաստանին:

– Հայաստանի կառավարությունն ամեն ինչ արեց, որ ԼՂ-ն չհայաթափվի
այն առումով, որ անընդհատ առաջ էր մղվում այդ գաղափարը, որ թող դուրս գան մարդիկ, պետք
է մարդիկ այնտեղից դուրս գան: Մենք ամեն ինչ անում էինք, որ այդպես չլինի։

– Այլ երկրներից կոչեր էին հնչում Հայաստանում իշխանափոխություն
անելու: Այդ մարդիկ, ովքեր այդ կոչերով հանդես էին գալիս, նրանք համարում էին, որ այդպիսով,
ԼՂ էթնիկ զտումով ԼՂ հարցը լուծվեց: Եվ հետևաբար պետք է լուծվի նաև ՀՀ հարցը։ Այսինքն`
Հայաստանում պետք է հաստատվի դրածո իշխանություն, որը կասի` դե պարզվեց, որ ՀՀ գոյությունն
այլևս անիմաստ է:

–  2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին ՌԴ նախագահը հայտարարեց,
որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է։ Այդ հայտարարությունն, իմ ընկալմամբ, հակասել է 2020թ․-ի
նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

–  2021թ․-ին տեղի են ունեցել Սոթք-Խոզնավարի
իրադարձությունները, Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք, մենք բնականաբար այդ հարցով
դիմել ենք ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին: Տեղի է ունեցել զրո արձագանք:

– Երբ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Խովաևը ժամանում է ՀՀ`
տեղի է ունենում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Նորից զրո արձագանք Ռուսաստանի
կողմից` ի հեճուկս մեր պաշտոնական դիմումների, և զրո արձագանք ՀԱՊԿ-ի կողմից: Ընդ որում՝
զրո արձագանք ասելով ես նկատի չունեմ, որ արտգործնախարարության խոսնակը չի մեկնաբանել
իրավիճակը։

-ՌԴ ԱԳՆ-ին խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի
եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ: Թող մինչև 8-րդ կետը կարդան,
տեսնեն, ով ի՞նչ պարտավորություն չի կատարել: Այսինքն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության
մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ վրա հարձակվի՞, այդ ընթացքում ռուս խաղաղապահները
պետք է թաքստոցներում լինե՞ն:

– 

ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ գործուղվել է ՌԴ Դաշնային ժողովի
կայացրած որոշման հիման վրա: Եվ Դաշնային ժողովի այդ որոշման մեջ գրված է, որ խաղաղապահ
զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Ո՞ւր է հիմա ԼՂ
քաղաքացիական բնակչությունը։

– Առնվազն երեք անգամ եղել է թուղթ, որ ասել ենք՝ հենց հիմա ստորագրում
ենք, և այդ թղթի տրամաբանությունը եղել է այն, ինչ-որ մենք այսօր, ըստ էության, «Խաղաղության
խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք:

– Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը,
մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է, բայց հիմա նոյեմբերի 9-ի եռակողմ
հայտարարությունը որևէ մեկը կարդացե՞լ է, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության
մեջ կա՞:

– Մենք՝ բոլորս, ինձնից սկսած, նախորդներից վերջացրած, ՀՀ ռեսուրսների
70-80 տոկոսը դրել է ԼՂ հարցի վրա: ՀՀ-ն արտաքին քաղաքականություն չի ունեցել, ունեցել
է ԼՂ քաղաքականություն, ՀՀ-ն անվտանգության օրակարգ չի ունեցել, ունեցել է ԼՂ անվտանգության
օրակարգ, և այլն և այդպես շարունակ:

– Մեր բանակցային փաթեթը ձգձգվել է այն պատճառով, որ Ադրբեջանը չորս
հանդիպում իրար վրա մերժել է, երբ հանդիպումներն այդ բանակցային փաթեթի փոխանցման պրոցեսի
մաս էին: Բայց հիմա էլ բանակցությունները ես համարում եմ, որ շարունակվում են խաղաղության
պայմանագրի տեքստի շուրջ, որովհետև եթե այժմ առերես քննարկել չհաջողվի կամ չի հաջողվում,
այդ աշխատանքն էլ է բանակցություն: