
Ես կապ չունեմ, չեմ ուզում մեղքի ու անեծքի տակ մտնել․ Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվողները մեղադրանքը չեն ընդունել
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրվող Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Ասում են՝ սպանության հետ կապ չունեն։
Այսօր դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ տեղի է ունեցել դատական հերթական նիստը։
Հանրային մեղադրող Անդրանիկ Շահբազյանը նշել է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ սպանությունը Հարությունյանը կատարել է վրեժի շարժառիթով, Օհանյանն էլ օժանդակել է՝ տրամադրելով իր տունն ու միջոցներ է ձեռնարկել հանցագործության հետքերը վերացնելու համար։
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ ինքնաձիգը, որով սպանվել է Գրիգորյանը, ամրակցված է եղել «Արծիվ 1» ջոկատին, բայց չի պարզել, թե ում վրա է հաշվառված եղել ինքնաձիգը։
«Ես կատարված սպանությունների հետ կապ չունեմ։ Ամեն ինչն արել եմ վախից ելնելով․ էսքան ամիս անցել է, չեմ ուզում մեղքի ու անեծքի տակ մտնել, մնացած մանրամասներն էլ մյուս դատական նիստերին կասեմ»,- հայտարարել է Գևորգ Հարությունյանը։
Նարեկ Օհանյանը ևս հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, սպանվածներին ո՛չ ճանաչել է, ո՛չ խնդիր է ունեցել։
«Ինձ այժմ մեղադրում են մի բանի համար, որը ոչ մտածել եմ, ոչ արել եմ»,- հայտարարեց Օհանյանը:
Հիշեցնենք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը սպանվել էր 2025թ․ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավանում գտնվող իր նորակառույց առանձնատան մոտ։ Նրա հետ միասին սպանվել էր նաև Գրիգորյանի ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, ծանր վիրավորում էր ստացել մեկ այլ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը։


