12 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբովյանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Աբովյանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյանում Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ հայտնում է Քննչական կոմիտեն։

«Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Ա.Ս.-ն և Բ.Ս.-ն Ս.Զ.-ի հետ ունենալով թշնամական հարաբերություններ՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը կատարելու նպատակով գնացել են այնտեղ:

Հասնելով դեպքի վայր՝ Բ.Ս.-ն նախապես կատարված դերաբաշխման համաձայն, հակառակ կողմի ուշադրությունն իր վրա գրավելու նպատակով մոտեցել է Ս.Զ.-ին և նրա հետ գտնվող Ս.Թ.-ին, իսկ այդ ընթացքում Ա.Ս.-ն գրպանից հանել է դանակը և առնվազն ութ անգամ հարվածել Ս.Զ.-ի կենսական կարևոր օրգանների՝ կրծքավանդակի և որովայնի հատվածին: Բ.Ս.-ն տեսնելով առաջին հարվածը՝ բռնել է տուժողի պարանոցից, քաշել հետ՝ չեզոքացնելով նրա դիմադրությունը և Ա.Ս.-ին հնարավորություն տալով անխոչընդոտ հարվածել Ս.Զ.-ին, գցել գետնին:

Այնուհետև, Ս.Զ.-ն ցանկանալով խուսափել հարվածներից, վազելով գնացել է կանգառի դիմացի հատված, իսկ Ա.Ս.-ն գնալով նրա հետևից՝ ևս չորս անգամ դանակով հարվածել է տուժողին և սպանել նրան:

Բացի այդ, եղբայրները կանգառի հետնամասից հափշտակել են տուժողի մոտից գետնին ընկած ատրճանակը և 5 փամփուշտը:

Ա.Ս.-ի և Բ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը) և 338-րդ հոդվածի 1-ին մասով (հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը):

Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հայտարարության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ