12 Հուն
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ կոռուպցիոն չարաշահումների և փողերի լվացման բազմադրվագ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ կոռուպցիոն չարաշահումների և փողերի լվացման բազմադրվագ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի
կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով
Գյումրի համայնքում գտնվող երկու տասնյակից ավել անշարժ գույք օտարելու դեպքերի առթիվ
նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված
բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վ․
Ղուկասյանը,  1999թ․ նոյեմբերից մինչև 2012թ․
հոկտեմբերը հանդիսանալով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, մի շարք պաշտոնատար
անձանց օժանդակությամբ, 2006-2011թթ․ ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով
օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա՝ պետական
կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք,
այդ թվում՝ ընդհանուր օգտագործման կանաչ գոտի (զբոսայգի) հանդիսացող քաղաքային զբոսայգու
հողամասեր՝ տվյալ ժամանակ գնահատված ընդհանուր 35.690.403 ՀՀ դրամ կադաստրային արժեքով։

Բացի այդ, ձևական առքուվաճառքի և անհատույց օգտագործման պայմանագրեր
կնքելու, նվիրատվություններ կատարելու եղանակով օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման
պատրանք ստեղծելու, այդ կերպ՝ իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելուն
օժանդակելու հարցերի շուրջ նախնական համաձայնության գալով մի շարք անձանց, այդ թվում՝
եղբոր և որդու հետ,  Գյումրի համայնքից հանցավոր եղանակով ստացված գույքի ծագման
աղբյուրը խեղաթյուրելու, պատկանելիությունը թաքցնելու նպատակով, օրինականացրել է վերը
նշված հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքերից 4-ը՝ 16.060.815 ՀՀ դրամ կադաստրային
արժեքով:

Մասնավորապես, Վարդան Ղուկասյանի մտերմների միջև կնքվել են անշարժ
գույքն օտարելու վերաբերյալ ձևական առքուվաճառքի պայմանագրեր, որոնց հիմքով գույքերի
նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը։ Այնուհետև հիշյալ գույքերն անհատույց
օգտագործման նպատակով Վ.Ղուկասյանին հանձնելու վերաբերյալ կնքված պայմանագրերի հիմքով
կատարվել է պետական գրանցում, իսկ դրանից հետո կնքված նվիրատվության պայմանագրերի համաձայն՝
գույքերը նվիրվել են Վ․ Ղուկասյանի որդուն կամ եղբորը։ Այդ հիմքով կատարվել են պետական
գրանցումներ, տրամադրվել են վկայականներ։