27 Դեկ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարեկները կանգնեցրել են Արցախի նախագահի մեքենան և «մեսիջ» փոխանցել. Աբրահամ Գասպարյան

Պարեկները կանգնեցրել են Արցախի նախագահի մեքենան և «մեսիջ» փոխանցել. Աբրահամ Գասպարյան

Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում Պարեկային ծառայության 1104 ծառայողական համարով մեքենան մոտեցել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ուղեկցող մեքենային, որը որևէ խախտում չի արել, ինչից հետո պարեկները՝ մեկ մայոր և 2 լեյտենանտ, ցանկացել են զրուցել նախագահի հետ. այս մասին իր հեղինակային «Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը:

«Սույն մայորը մոտենում է Արցախի նախագահի անվտանգության պետին և ասում՝ անձամբ Սամվել Շահրամանյանի հետ եմ ուզում խոսել: Սա արդեն իսկ նշանակում է, որ օպերացիան պլանավորված էր և ոմն ոստիկան՝ իր պարտքն է համարում մեսիջ փոխանցել Արցախի նախագահին: Այս մարդը մոտենում է նախագահին և ասում՝ պարո՛ն Շահրամանյան, սա Հայաստանի Հանրապետությունն է, Արցախը չէ, որ ինչ ուզեք՝ անեք»,֊պատմել է Աբրահամ Գասպարյանը:

Նա ասել է, որ եթե անգամ Արցախի նախագահը խախտում է արել, ապա պետք է վարվել այնպես, ինչպես պահանջում է օրենքը:

«Ընդ որում՝ կրկնեմ, խնդիրն այստեղ խախտու՛մը չէ, որը գոյություն չուներ, խնդիրն այդ մեսիջն էր, որն այդ ոստիկանը եկել էր փոխանցելու»,֊ասել է Գասպարյանը:

Ուղիղ եթերում նա դիմել է Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին: «Անկեղծ ասած՝ ամո՛թ է, որ Երևանում Արցախի նախագահի մեքենան են կանգնեցնում, որպեսզի թունոտ խոսքեր հնչեցնեն: Չեմ կարծում որ սա ձեզ պատիվ է բերում: Ինքս նկատում եմ ծառայության անաչառ գործունեությանն ուղղված ձեր քայլերը և բարձր գնահատում օրենքի դաշտում գործելու ձեր հանձնառությունը»,֊ասել է նա: