
Անթիլիասի Ուխտի օրն է. Արամ Ա-ն մարտի 22-ին սրբազան մասունքներով կօրհնի հավատացյալներին
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի մուտն ի վիրապի հիշատակության առիթով՝ 1931-ին մարտի 22-ը երջանկահիշատակ Տ.Տ. Սահակ Բ. Խապայան կաթողիկոսը հաստատեց Անթիլիասի Ուխտի օրը․ հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից։
«95 տարի անց՝ այս տարի, Ուխտի օրը համընկնում է հենց հաստատված ամսաթվի՝ մարտի 22-ի հետ։ Սա պարզապես Ուխտի օր չէ, այլ հրավեր է հիշելու մեր անցյալը, արժևորելու մեր պատմամշակութային արժեքները և հավատարիմ մնալու մեր Մայր Սուրբ Եկեղեցուն։ Այսօր՝ մարտի 21-ին, Անթիլիասի մայրավաքնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ միաբան հայրերի և Դպրեվանքի աշակերտների մասնակցությամբ։
Անթիլիասի Ուխտի օրվա նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այցելեց Կաթողիկոսարանի «Կիլիկիա» թանգարան, որտեղից դուրս բերեց հայ եկեղեցու պատմական և դարավոր սրբազան աջեր ու մասունքներ, որոնցով Ուխտի օրը կկազմվի հայրապետական թափոր, և կօրհնվեն մեր ժողովրդի զավակները»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում։


