
Մոռանա՞լ Արցախը
«Արցախը մեր հպարտությունն է», «Արցախ. բաց դռներ, ամուր դարպաս», «Արցախն իմ հայրենիքն է», «Ակնան էլ է իմ հայրենիքը» և ի վերջո, «Արցախը Հայաստան է և վերջ»…
Արցախի ազատագրումն ու վերահայացումը հայ ժողովրդի դարավոր պատմության ամենապանծալի էջերից մեկն է։ Արցախյան հաղթանակից առաջ ազգային հպարտության մեր հնարավորությունները թվագրվել են դարեր, եթե ոչ՝ հազարամյակներ առաջ։
Արցախյան ազատամարտն ու այն հաղթանակով ավարտելը մեր հնարավորությունն էր. «տեղահանված, կոտորված, մազապուրծ» ազգային բնութագրիչներից «հաղթող, հայրենիք ազատագրած» բնութագրիչներով բնութագրվելու համար։
Արցախը երազանք էր, հույս էր ու հավատ։
Արցախը հպարտություն էր։
Իսկ այսօ՞ր. մոռանալ Արցախը, համարել, թե այն չի եղել։
Ես ծնվել ու մեծացել եմ Վանաձորում։ Իմ փոքրիկ քաղաքում Արցախի մասին ինձ շատ չեն պատմել։ Մեր կենտրոնական պուրակը կոչվում է Արցախ պուրակ։ Երկար տարիներ չեմ իմացել, որ քաղաքիս ամենակենտրոնական հատվածն Արցախ է կոչվում, քանի որ Արցախյան շարժման ժամանակ այնտեղ են հավաքվել Արցախի՝ մայր հայրենիքին վերամիավորման համար ցույցեր անող դեռևս խորհրդային քաղաքացիները։
Տարիներ անց, երբ արդեն լավ գիտեի, թե ինչ է Արցախն ու որն է Արցախի նշանակությունը մայր հայրենիքի համար, ու որոշել էի, որ Արցախում եմ ապրելու, մայրիկս Արցախի հանդեպ իմ սիրո համար երկու բացատրություն ուներ։ Առաջինը շատ արագ հիշեց. երբ ինձնով հղի է եղել, ինքն էլ է հաճախ մասնակցել Արցախին նվիրված ցույցերին. Արցախի անունը լսել եմ դեռ չծնված։ Երկրորդը, որն ինձ ավելի հիմնավոր թվաց, հիշեց ավելի ուշ. իր հոր մեծ պապը Լոռվա Դսեղ գյուղ է եկել հենց Արցախից։ Լոռվա ձորի շատ գյուղերի հիմնադիրները հենց արցախցիներ են եղել, որ այս կամ այն պատճառով տարբեր ժամանակներ հեռացել են Արցախից։
Արցախը երազանք է, հույս է ու արմատ։
Մոռանա՞լ Արցախը, համարել, թե չի՞ եղել։ Անզոր ճիգեր են։ Մոռանա՞լ ազգային հպարտությունը, մոռանա՞լ հազարավոր հերոսների թափած արյունը, մոռանալ Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը… Մոռանալ, որ Արցախում դարերով հայեր են ապրել, մոռանալ, որ Արցախում ամեն քայլի հայի սարքած բերդ ու խաչքար կա… մոռանա՞լ իմ մեծ պապին, մոռանա՞լ արմատը։
Անզոր ճիգեր են։ Արցախը մեր երազանքն է, հավատն ու ամենաամուր դարպասը։ Դարպասի խորտակված լինելը չի փոխում դրա նշանակությունը։
Թամարա Գրիգորյան


