
Երևանում թափառող որբ ու անտուն երեխաները 1916 թվականին
1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանից հազարավոր գաղթականներ գալիս են Արևելյան Հայաստան: Գաղթականների մեծ խմբերը գալիս էին այդ շրջանի Արևելյան Հայաստանի խոշոր քաղաքները՝ Երևան, Էջմիածին, Գյումրի և այլն: Այդ շրջանում հատկապես Էջմիածնում էին կենտրոնացած մի շարք հայ մտավորականներ, կամավորներ, ովքեր օգնում էին հայ գաղթականներին բոլոր հարցերով: Հատկապես Էջմիածնում նվիրական ու մեծ գործ էր անում հայ անվանի գրող Հովհաննես Թումանյանը:
Կարճ ժամանակ անց Արևելյան Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում և հատկապես խոշոր քաղաքներում մեծ թիվ են կազմում թափառական որբ երեխաները: Ժամանակաշրջանի Երևանում ևս մեծ թիվ էին կազմում որբերը: Այդ շրջանի Երևանում տիրող իրավիճակի, որբերի մասին մանրամասն պատմում է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը: «Ամեն նորեկ Երևանում կնկատի ցնցոտիների մեջ, կեղտոտ, ուսերին գցած մեշոկ, անապաստան երեխաներ թափառելիս փողոցներում։ Անապաստան երեխաներին ժողովուրդը կնքել է խուժան անունով և արհամարհանքով է վերաբերվում դեպի նրանց։ Պետք է նկատել, երբ դիտում ենք և զրուցում նրանց հետ, մեր այս խուժան երեխաները վերին աստիճանի մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Նրանք փողոցի բացասական կողմերի հետ միասին ունեն մի շարք գնահատելի գծեր․- ինքնուրույնություն, վստահություն, վերին աստիճանի ճարպիկ ու հնարագետ են, ընկերասեր, ուժեղ, հաստատակամ բնազդով։ Երեխաները, միամտաբար իրենք էլ իրենց խուժան են անվանում և խոստովանում, որ ապրում են խուժանությամբ, այսինքն թալանով ու գողությամբ։ Նրանք հարձակվում են խմբերով մասնավոր ապրանքների վրա, բայց պատմում են, որ ձեռք չեն տալիս Հայկոոպի, բանկոոպի և այլ հասարակական հիմնարկների սայլերին, այլ ընդհակառակը, կազմակերպված ուժերով պաշտպանում են այդ հիմնարկների գույքը փողոցում։ Նրանց չպետք է նայել արհամարհանքով, այլ պետք է ազատել փողոցից և դնել նպաստավոր պայմանների մեջ։ Տվեք նրանց արհեստ, աշխատանք, գեղարվեստ, գիտություն, կրթություն և նրանք միանգամայն կփոխվեն։ Դուրս կգան նրանցից ապագայում պիտանի քաղաքացիներ»։ («Անապաստան երեխա» թերթ, Երևան, 1926):
Սպենդիարյանի այս հուշը փաստում է 1916 թվականին Երևանում տիրող բարդ ու ողբերգական իրավիճակը: Մյուս կողմից նկատում ենք, որ մեծանուն մտավորականը նաև ընդգծում է, որ այդ երեխաներն ունեն կրթության կարիք: Այդ նույն գաղափարի կրողն էր նաև Հովհաննես Թումանյանը, ով Էջմիածնում և այլ որբանոցներում կազմակերպում էր երեխաների կրթության հարցը: Ցեղասպանությունից հետո Արևելյան Հայաստանում առաջացած ծանր պայմանները հատկապես խոր ազդեցություն ունեցան անապաստան ու որբ երեխաների կյանքի վրա։ Սակայն հայ մտավորականների մարդասիրական գործունեությունը ցույց է տալիս, որ նույնիսկ այդ դժվար ժամանակներում մեծ ուշադրություն էր դարձվում երեխաների կրթությանը և նրանց ապագային։
Արա Զարգարյան

