«Կովերի պարտեզի» վրա հարձակման ժամանակ ձերբակալված երկու հայ երիտասարդները ազատ են արձակվել
Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածքի վրա երեկվա հարձակումից հետո ձերբակալված երկու հայ երիտասարդները ազատ են արձակվել։ ABC Media-ին տված հարցազրույցում ասել է Հայ դատի Երուսաղեմի հանձնաժողովի անդամ Հակոբ Սևանը։
Երեկ մի խումբ վարձկաններ ժամը 12:40-ին, սև հագուստով ու դիմակներով, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում էին գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:
Հարձակման ժամանակ նրանք քարեր էին շպրտել հայերի ուղղությամբ: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հոգևորականները մարտի էին բռնվել՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանների օգնության հասնելը:
Այդ հարձակման ժամանակ ծանր վիրավորում են ստացել քահանաներ, ինքնապաշտպանական մարտերին մասնակցածները։
Հակոբ Սևանի խոսքով՝ այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, բայց ամեն պահի հարձակման, նոր ահաբեկման վտանգ կա։