05 Մրտ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
-4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը լուրջ անելիք ունի Հայաստանում ․ Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանը լուրջ անելիք ունի Հայաստանում ․ Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանն անիմաստ ռեսուրս է ծախսում հայ ժողովրդին հիմնավորելու, որ դեպի պայմանական Արևմուտք կամ ՆԱՏՕ գնալը բացի նոր փորձություններից, ուրիշ ոչինչ չի տալու Հայաստանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ժամանակը ցույց է տվել, որ միջին վիճակագրական հայն առաջնորդվում է աչքի տեսածով և ով իրեն ինչքան լավ ու ուժեղ է ներկայացնում, մարդիկ գնում են նրա հետևից:

Եթե ՌԴ-ն փորձում է Արևմուտք-ՌԴ դիմակայության մեջ առաջ անցնել, ապա պետք է այնպիսի տեսանելի քայլերի գնա, որ նախ դրանք մարդկանց համար ՌԴ-ի նկատմամբ վստահությունը վերականգնեն, ապա ապագայի նկատմամբ հույս ներշնչեն:

Թե չէ՝ ամենօրյա բնույթով խոսել «չար» ուժերի և «բարի» Ռուսաստանի մասին, որևէ արժեք չունի:

Մարդը, ինչպես բոլոր երկրներում, ամեն լավ ու վատ բան միայն իր մաշկի վրա զգալուց հետո է գնահատում, այնպես որ՝ Հայաստանին իրենով անելը կամ բարեկամ ներկայանալը պետք է առարկայական ազդեցություն ունենա մարդկանց վրա:

ՌԴ-ն լուրջ անելիք ունի Հայաստանում և եթե ցանկանում է աշխարհաքաղաքական մարտում առավելություն ստանալ, ապա իր քաղաքական, ռազմական, տեղեկատվական քաղաքականությունում արմատական փոփոխությունների գնա:

Սերժ Սարգսյանի ասած՝ մենք չենք, որ ռուսներին պետք է բացատրենք իրենց շահը, դա նրանք մեզանից շատ ավելի լավ գիտեն, բայց այն, որ դրան ձգտելու ճանապարհին մեծ խնդիրներ կան, դրանք նույնիսկ առօրյա հարաբերություններում են ակնհայտ», – գրել է Աբրահամյանը: