
Արամ Ա-ն Վատիկանին հորդորել է աջակցել Բաքվի հայ գերիներին ազատ արձակելու հարցում
Վատիկան կատարած իր պաշտոնական այցի առաջին օրը՝ մայիսի 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդիպել է Պիետրո Պարոլինի հետ, որ համարվում է Վատիկանի երկրորդ կարևոր դեմքը՝ Պապից հետո, և պատասխանատու է վարչական, քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերի համար․ տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։
«Արամ Ա-ն նախ անդրադարձել է Լիբանանի իրավիճակին՝ բարձր գնահատելով նախագահի ու վարչապետի գլխավորությամբ կառավարության հետևողական աշխատանքը։ Խոսելով հարավային Լիբանանի մասին՝ նշել է, որ Իսրայելը պետք է դուրս բերի իր զորքերը, իսկ լիբանանյան բանակը ստանձնի անվտանգության ապահովումը, որպեսզի պետությունը վերահաստատի իր լիակատար վերահսկողությունը։ Նա նաև ընդգծել է երկրի ներսում բոլոր համայնքների միասնականության ամրապնդման կարևորությունը և շնորհակալություն հայտնել Վատիկանի աջակցության համար։
Այնուհետև Վեհափառ Հայրապետը խոսել է Միջին Արևելքի քրիստոնեական համայնքների առջև ծառացած խնդիրների մասին՝ հատկապես ընդգծելով քրիստոնյաների արտագաղթը կանխելու անհրաժեշտությունը և տարածաշրջանի եկեղեցիների դերն այդ հարցում։
Արամ կաթողիկոսը բարձր է գնահատել Վատիկանի շարունակական աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում։ Անդրադառնալով Արցախին՝ նա նշել է, որ արցախահայության վերադարձը, նրանց իրավունքների վերականգնումը, հայկական եկեղեցիների ու պատմական հուշարձանների պաշտպանությունը, ինչպես նաև Բաքվում պահվող Արցախի ղեկավարների արագ ազատ արձակումը հայ եկեղեցու ու ժողովրդի առաջնահերթ պահանջներն են։ Այդ հարցերում նա դիմել է Վատիկանի աջակցությանը։
Կարդինալ Պարոլինը, իր հերթին, ներկայացրել է տեղեկություններ Վատիկանի ջանքերի մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ շփումների շրջանակում, ինչպես նաև Արցախի հարցով և մասնավորապես գերիների ազատ արձակման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։
Հանդիպման ավարտին Արամ Ա Վեհափառ Հայրապետը կարդինալին նվիրել է Աստվածամոր պատկերով հուշանվեր և Արցախի հայկական եկեղեցիներին նվիրված երկհատոր հրատարակություն։ Պարոլինն էլ իր հերթին հուշանվեր է հանձնել Վեհափառին»,- ասված է հաղորդագրությունում։


