
Լարված իրավիճակ՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունում
Թուրքիայում արդեն մի քանի օր է՝ խոր քաղաքական ճգնաժամ է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներսում ու դրա շուրջ։
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Անկարայի դատարանը չեղարկել է 2023 թվականի CHP համագումարի արդյունքները, որոնց ժամանակ կուսակցության ղեկավար էր ընտրվել Օզգուր Օզելը։ Դատարանը հայտարարել է, թե ընտրությունների ժամանակ եղել են խախտումներ և կոռուպցիոն մեխանիզմներ են գարծադրվել, ու որոշել է ժամանակավորապես վերականգնել նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։
Սակայն Օզելը և նրա կողմնակիցները հրաժարվել են ընդունել որոշումը՝ այն անվանելով «դատական հեղաշրջում» և իշխանությունների փորձ՝ թուլացնելու ընդդիմությանը։ Հենց Օզելի ղեկավարությամբ CHP-ն 2024-ի տեղական ընտրություններում լուրջ հաղթանակներ տարավ նախագահ Էրդողանի կուսակցության դեմ։
Վերջին օրերին CHP-ի կենտրոնակայանում լարված իրավիճակ է․ Օզելի աջակիցները բարիկադավորվել են շենքում, ներսում կահույքով ու աթոռներով արգելապատնեշներ են կառուցել։ Այսօր առավոտյան հատուկ նշանակության ոստիկանությունը ճեղքել է երկաթյա դարպասները, արցունքաբեր գազ կիրառել և մտել շենք՝ դատարանի որոշումն իրականացնելու համար։
Դրանից հետո Օզելը դուրս եկել շենքից ու հայտարարել է, որ «Աթաթուրքի կուսակցությունը չեն հանձնելու» և կոչ է արել պայքարը շարունակել փողոցներում։ Այնուհետև նա կողմնակիցների հետ երթով շարժվել է դեպի Թուրքիայի խորհրդարան։


