
Քանի՞ անգամ կարելի է մեկնաբանել, արձագանքել այդ ապուշությանը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման լուրերի մասին
Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են, Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը խզելու հարցում։ Հակառակը, քիչ առաջ ես հավաստիացրի ևս մեկ անգամ, որ մենք տրամադրված ենք, ուզում ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք․ այսօր ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Մեդվեդևի այսօրվա հայտարարությանը, որ «Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ խզման ուղին է ընտրել»։
«Այդ դեպքում ինչի՞ համար են այս հայտարարությունները, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով» հարցին նա պատասխանեց․ «Չեմ ուզում մեկնաբանել, չգիտեմ, փորձեք ձեր ենթադրություններն անել»։
Ինչ վերաբերում է 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման մասին տարածվող լուրերին, նա ասաց․ «Քանի՞ անգամ կարելի է մեկնաբանել, արձագանքել այդ ապուշությանը, կատարյալ անհեթեթությանը։ Մեր հերքումից հետո նույնը կրկնելը կարող է վկայել միայն կա՛մ իսկապես չհասկանալու, այսինքն՝ ուղեղով այդ ամեն ինչը չլսել, չհասկանալու մասին, կա՛մ սրիկայության։ Այսինքն՝ երբ ասում ենք՝ չկա այդպիսի բան, ու նորից կրկնում են, ուրեմն ամենավերջին ստահակն ու սրիկան է այդ կրկնողը»։
Լրագրողի բերած օրինակներին ի պատասխան, որ Ադրբեջանն առաջ է տանում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը, փառատոներ կազմակերպում, ՀՀ ԱԳ նախարարն ասաց․ «Հազար անգամ ասել ենք՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը որևէ կերպ չի տեղավորվում խաղաղության օրակարգում, մեր պայմանավորվածությունների շրջանակում»։


