Ռուբիոյի 1 ժամանոց այցն ու «Զվարթնոցում» ստորագրված փաստաթղթերը․ մեկնաբանում է քաղաքագետը
ԱՄՆ պետքարտուղարին սպասարկող ինքնաթիռը մեկ ժամով վայրէջք կատարեց «Զվաթնոց» օդանավակայանում։ Հենց այստեղ էլ Ռուբիոն Հայաստանի իր գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ կնքեց ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ու հեռացավ։ Մոտ 40 րոպե տևեց Միրզոյան-Ռուբիո հանդիպումը։
«Նման կարճ ժամանակահատվածում և չնախատեսված «պատահական» այցի ընթացքում ստորագրել այս նշանակության փաստաթուղթ, առնվազն կասկածելի է։ Նման փաստաթուղթը նախօրոք կազմակերպվում է ամիսների ընթացքում, հայտարարվում է, հանդիպում են, ստորագրում են։ Բայց տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ օդանավակայանում ինչ-որ այցի ընթացքում է ստորագրվում և անգամ ժամանակ չունի վարչապետի հետ հանդիպելու»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ սա հերթական PR-ակցիան է՝ նախընտրական տրամաբանության մեջ։
«Ըստ երևույթին՝ Հայաստանի իշխանությունների վիճակը ծանր է և նրանք խնդրել են ճանապարհին իջնել, որովհետև նման աջակցության կարիք ունեն։ Ռուբիոն էլ ասել է՝ փաստաթուղթ է պետք, խնդրեմ, ստորագրենք»,–ասել է նա։
Դանիելյանի պնդմամբ՝ համապարփակ գործընկերության փաստաթուղթը հիմնականում ստանդարտ դրույթներ է ունենում։ Ինչ վերաբերում է հանքանյութերին վերաբերող հուշագրին, այն ամենայն հավանականությամբ կապված է պոչամբարներում պարունակվող հանքանյութերի վերամշակման հետ։
«Միացյալ Նահանգների համար չափազանց կարևոր են այդ նյութերը, և աշխարհի բոլոր երկրներում այդ հազվագյուտ մետաղները, հետաքրքրում են ԱՄՆ-ին։ Պարզվում է՝ այդ պոչամբարներում կան նաև շատ կարևոր նյութեր, հազվագյուտ մետաղներ և հուշագրի ստորագրումը հնարավոր է դրանց վերամշակմանը վերաբերի»,-ասել է Դանիելյանը։
Այսպիսով՝ քաղաքագետի պնդմամբ, Ռուբիոյի կարճ այցը Հայաստան միտված էր մեկ բանի՝ ներկա իշխանությունների վերարտադրմանն աջակցելուն։


