
ՔՊ-ականը չի սխալվել, և իրեն պետք է ուղարկենք իր հայրենի Աղդամ․ Ռոբերտ Քոչարյան
ՔՊ-ական կարկառուն դեմքերից մեկը տարիներ առաջ հայտարարեց, թե Աղդամն իր հայրենիքն է, հետո էլ ասաց, թե սխալվել է։ Ժողովուրդ ջան, չի՛ սխալվել․ Աղդամն իր հայրենիքն է, ու համախմբված՝ այդ մարդուն պետք է ուղարկենք իր հայրենիք․ Սևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Ակնա (Աղդամ) քաղաքն իր հայրենիքը լինելու մասին հայտարարել էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը 2020-ի սեպտեմբերի 23-ին։ Նրանից մեկ տարի առաջ էլ պաշտպանության նախարար (այն ժամանակ ՏԿԵ նախարար) Սուրեն Պապիկյանն էր սոցցանցում նման գրառում արել։ Ալեն Սիմոնյանը 5 տարի անց հայտարարել էր, թե սխալվել է նման բան ասելով։
Քոչարյանի գնահատականով՝ իշխանությունն արել է ամեն ինչ, որ քարոզարշավը դառնա թույնով լցված գործընթաց՝ ստով, կեղծիքով և ատելության խոսքով։
«Եվս մեկ անգամ փորձեցին բաժանել մեր ժողովրդին, թշնամացնել իրար․ ընտրություններից հետո պետք է սկսենք հակառակ պրոցեսն ու վերանորոգենք մեր երկիրը։ Բայց իրենք երկիրը թունավորելով ու երկրի վրա թույն լցնելով չեն բավարարվում ,ու այժմ մեզ տեղադրել են ՌԴ-ԵՄ հակասության կենտրոնում»,- նշեց ՀՀ 2-րդ նախագահը։
Ըստ նրա՝ իշխանությունն այժմ Հայաստանի համար ընտրել է այնպիսի ուղի, որը հանգեցնելու է Սաակաշվիլիի ժամանակների Վրաստանի ճակատագրին։


