
Իսրայելը զորքեր է ուղարկել Ադրբեջան Իրանի դեմ պատերազմի ժամանակ՝ որպես տարածաշրջանում գաղտնի հետախուզական ու ռազմական ցանցի մաս․ CNN
Իսրայելը գաղտնի կերպով էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում Իրանի հետ պատերազմի ընթացքում՝ որպես Մերձավոր Արևելքում գործող գաղտնի օբյեկտների ցանցի մաս. հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ 4 աղբյուրի։
Նշվում է, որ ստորաբաժանումները նախատեսված էին Իրանի դեմ գործողությունները հեշտացնելու համար: Ըստ աղբյուրներից երկուսի՝ ուժերը գործել են Իրանի հյուսիսային սահմանի հարևանությամբ Ադրբեջանի հարավում գտնվող տարբեր վայրերից. այդ կետերից Իրանին ամենամոտը գտնվել է պատերազմի ընթացքում իսրայելական հարձակումների ենթարկված Թավրիզ քաղաքից մոտ 60 մղոն (մոտ 97 կմ) հեռավորության վրա։
Մյուս երկու աղբյուրների փոխանցմամբ՝ նշված վայրերում տեղակայվել են նաև հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են հետախուզական տվյալների հավաքագրում և գործողություններ անօդաչու սարքերով՝ Իսրայելին տալով հյուսիսային Իրանում իրավիճակը դիտարկելու արժեքավոր ռազմավարական դիրք ու հնարավորություն։
Ըստ հրապարակման՝ այդ դիրքերն ապահովում էին գործողությունների լայն հնարավորություն Իսրայելի համար և ցույց տալիս՝ ինչ դեր են ունեցել Իրանի հարևան երկրները՝ որոշները պաշտոնական թույլտվությամբ, իսկ մյուսները՝ հավանաբար առանց դրա, Թեհրանի դեմ գործողությունների իրականացմանը նպաստելու գործում:
Աղբյուրները CNN-ին հայտնել են, որ Ադրբեջանից բացի, նման ստորաբաժանումներ են տեղակայվել մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սոմալիլենդում։ Սկզբում այդ ուժերը ստեղծվել են որպես արտակարգ իրավիճակի համար նախատեսված փրկարարական ուժեր, սակայն հետագայում նրանց գործառույթների շրջանակն ընդլայնվել է, և նրանք վերափոխվել են ռազմական և հետախուզական տվյալների հավաքագրման բազաների։


