
Մենք պատրաստվում ենք պաշտպանել նրանց դիրքորոշումը, ովքեր կստանան ամենաշատ ձայները․ Սերժ Սարգսյանը՝ ընտրապայքարին մասնակցող ընդդիմադիր ուժերի մասին
Սերժ Սարգսյանն ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս փուլում չի պատրաստվում ամբողջական քաղաքական գնահատական տալ գործող իշխանությունների գործունեությանը։
«Այսօր այն օրը չէ, երբ անհրաժեշտ է ամբողջովին գնահատական տալ օրվա իշխանության գործելաոճին։ Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահպանել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատվությունը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իր պատկերացրած պետությունում պետք է գնահատվի քաղաքական ակտիվությունը, իսկ ապատեղեկատվությունն ու զրպարտությունը՝ դատապարտվեն։
«Իմ քվեարկությունն այն Հայաստանի օգտին է, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի»,-նշեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ անընդունելի է նաև ընդդիմադիրների նկատմամբ իրավական ճնշումների կիրառումը։
Անդրադառնալով հարցին, որ իր գլխավորած կուսակցությունն այս ընտրություններին չի մասնակցում, նա դա չորակեց որպես քաղաքական մեծահոգություն։
«Ես չեմ կարծում, որ դա մեծահոգություն է, դա զուտ սթափ հաշվարկի արդյունք է։ Այդ մասին մենք կարող ենք դատել այսօր ժամը 8-ից հետո՝ տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները»,- ասաց նա։
Սերժ Սարգսյանը նաև կոչ արեց քաղաքացիներին՝ խնդրելով մասնակցել ընտրություններին և ընդգծելով, որ քաղաքական իշխանության ձևավորումը կախված է հենց ընտրողների մասնակցությունից։
«Ես բոլորին խնդրում եմ մասնակցել ընտրություններին, քանի որ իրենց մասնակցությունից է կախված, թե Հայաստանում որ քաղաքական ուժը կլինի իշխանության»,-ասաց ՀՀ 3-րդ նախագահը։
Ընդդիմության հնարավոր քայլերի վերաբերյալ հարցին նա պատասխանեց, որ այդ հարցի պատասխանները պետք է տրվեն ընտրապայքարի մասնակից ուժերի կողմից․ «Մենք պատրաստվում ենք պաշտպանել նրանց դիրքորոշումը, ովքեր կստանան ամենաշատ ձայները»։
Ընտրական գործընթացի վերաբերյալ մեղադրանքներին անդրադառնալով՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր իշխանության տարիներին ընտրությունների ժամանակ համակարգված խախտումների մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում․ «ՀՀԿ-ի կողմից խախտումների միֆը չափազանցված է։ Երբեք մեր իշխանության օրոք այդպիսի միջամտություններ չեն եղել ընտրություններին»։
Բանակի և սպառազինության թեմային անդրադառնալով՝ նա քննադատեց ներկայիս իշխանությունների ռազմական քաղաքականությունը՝ կասկածի տակ դնելով ներկայացվող ձեռքբերումները․
«Զենքը ցուցադրելու համար չէ, զենքը կռվելու համար է։ Այդ մարդիկ, որոնք խոսում են, այդ զենքով քանի՞ մարտ են անցկացրել՝ զրո, չէ՞»։
Նա հավելեց, որ հանրությանը ներկայացվող զինտեխնիկայի արդյունավետության վերաբերյալ հարցերը բաց կմնան մինչև համապատասխան քաղաքական փոփոխություններն ու հետաքննությունները։
«Այդ ամենը կպարզվի, երբ իշխանափոխություն լինի, և մենք կարողանանք հետաքննել այդ ամբողջ պատմությունը»,-նշեց Սերժ Սարգսյանը:


