
Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտություն չի լինի, Փաշինյանը և նրա թիմը պատրաստ են զիջումների գնալ. փորձագետներ
Եթե Հայաստանի իշխանությունները մնան անզիջում, Ադրբեջանը կարող է դիմել տարածաշրջանում նոր ռազմական սրացման․ Известия-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Արթուր Աթաևը։
«Ադրբեջանը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ, սակայն իշխող կուսակցությունն այլևս սահմանադրական մեծամասնություն չունի խորհրդարանում: Նման իրավիճակում իսկապես կարող է բռնկվել նոր զինված հակամարտություն: Ադրբեջանը կարող է փորձել վերահսկողություն հաստատել Հայաստանի հարավի նկատմամբ՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ հաղորդակցությունն ինքնուրույն ապահովելու համար: Եթե Բաքուն որոշի, որ իր ուժերը բավարար են, ապա ես կքննարկեմ նաև ամբողջ սահմանի երկայնքով ավելի լայնածավալ հարձակումը», – նշել է նա:
Կովկասագետ Նիկոլայ Սիլաևը նշում է, որ հարցը, հավանաբար, կմնա անորոշության մեջ:
«Ես չեմ տեսնում որևէ իմաստ Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու մեջ: Փաստն այն է, որ Փաշինյանը և նրա թիմը պատրաստ են զիջումների գնալ. իմաստ չկա նրանցից պահանջներ ներկայացնել: Բռնի սրացումը նույնպես քիչ հավանական է: Դա կխաթարի խաղաղության հասնելու բոլոր նախկին ջանքերը, ինչպես նաև կառաջացնի ռևանշիստական տրամադրությունների ալիք Հայաստանում։ Ըստ երևույթին՝ հարցը պարզապես կհետաձգվի մինչև ավելի լավ ժամանակներ, և մոտ ապագայում ո՛չ պատերազմ կլինի, ո՛չ խաղաղություն», – բացատրում է նա։
ՌԴ Ժամանակակից պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը նշել է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո երկրի իշխանությունները և նրանց դաշնակիցները ստիպված կլինեն գտնել ընդդիմության հետ համագործակցելու ուղիներ: Քաղաքագետը նշել է, որ վաղաժամ է համարում եզրակացնելը, թե Հայաստանի ընտրությունների շուրջ քաղաքական իրավիճակն ավարտվել է: Նա կարծում է, որ հետագա զարգացումները կախված կլինեն խորհրդարանական որոշումներից և կառավարության ու ընդդիմության փոխազդեցությունից:


