
Ստեփանակերտի թատրոնի բեմում սպասված պրեմիերա կլինի
Հունիսի 28-ին և 29-ին «Համազգային» թատրոնում կկայանա Մուրացանի «Ռուզան» պիեսի հիման վրա բեմադրված «Ռուզան. Արցախի դուստրը» ներկայացման պրեմիերան։
«Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը պատրաստ է ձեր դատին հանձնելու 19-րդ դարի հայ մեծանուն գրող Մուրացանի «Ռուզան» պատմական դրամայի բեմադրությունը։
«Ռուզանը» պարզապես մեկ աղջկա պատմություն չէ․ դա մի ողջ ժողովրդի ցավի, սիրո, հերոսական պայքարի և անկոտրում հույսի հայելին է։
Ներկայացումը հանդիսատեսին հնարավորություն է տալիս հայացք նետելու մեր անցյալի մութ ու լուսավոր էջերին, վերարժևորելու ներկան և ստանձնելու սեփական պատասխանատվությունը ապագայի հանդեպ։ Սա ստեղծագործություն է, որտեղ բախվում են ծայրահեղությունները՝ անմնացորդ սերն ու ստոր դավաճանությունը, անձնազոհությունն ու վեհ հայրենասիրությունը։
Ներկայացում, որը ստիպում է խորհել, զգալ և հիշել, թե ով ենք մենք…
Այս ներկայացումը և, առհասարակ, թատրոնի գոյությունը իրականություն են դարձել ի շնորհիվ հայրենանվեր մարդկանց։ Եվ այսօր ևս մեկ անգամ հրաշալի առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու «ԴԻԱԼՈԳ» կազմակերպությանը և Հայաստանի թատերական գործիչների միությանը՝ ի դեմս ղեկավարներ Յուրի Նավոյանի և Հակոբ Ղազանչյանի։ Նրանց սրտացավ աջակցության շնորհիվ այսօր մայրաքաղաք Երևանում շարունակում է գործել Արցախի մայր թատրոնը՝ հույս ու հավատ ներշնչելով արցախցի մեր սիրելի հանդիսատեսին»,- ասված է հաղորդագրությունում։


