
Մեր երկրի պաշտպանության ուժեղացումը կարևոր է նոր պատերազմի բռնկումը կանխելու համար․ Ճապոնիայի ՊՆ
Ճապոնիան պետք է ուժեղացնի իր պաշտպանական կարողությունները․ BBC-ի հետ զրույցում ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Շինջիրո Կոիձումին։
Պաշտոնյայի խոսքով՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր երկրի որդեգրած խաղաղասիրական դիրքորոշումը վերանայելու անհրաժեշտություն կա։
Նա նշել է, որ պաշտպանության ուժեղացումը, «Միացյալ Նահանգների հետ դաշինքի ամրապնդումը և համախոհ երկրների հետ համագործակցության ընդլայնումը բազմաշերտ զսպման համակարգ կառուցելու» գործընթացի մաս են, ինչն, ըստ նրա, կարևոր է տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը կանխելու համար։
Հիշեցնենք, որ մոտ 50 տարվա ընթացքում առաջին անգամ Տոկիոն այժմ կարող է պաշտպանական սարքավորումներ և մահաբեր զինատեսակներ վաճառել կամ փոխանցել այն 17 երկրներին, որոնց հետ համաձայնագրեր է կնքել։ Նշված երկրների թվում են Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան։
Նշվում է, որ պաշտպանությունը Տոկիոյի գործող վարչակազմի առաջնահերթությունների շարքում է։ Երկրի իշխանությունները պարտավորվել են իրականացնել պաշտպանական ծախսերի աճ՝ նշելով, որ բարեփոխումներն անհրաժեշտ են ավելի ու ավելի լարված տարածաշրջանում։


