19 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ տարածքում Թուրքիայի կառավարության բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից 2 տուն կառուցվել․ գրում է ermenihaber.am-ը։

«Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տների պատճառով, որոնց շինարարությունն ավարտվել է 2023-ին, գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Հանգուցյալների ոսկրակտորները և գանգոսկերները շինաշխատանքների հետևանքով ցրվել են գերեզմանատան տարածքով մեկ։

Գյուղացիները պատմում են, որ այդ տարածքը գերեզմանատուն է եղել, և հակառակ իրենց առարկություններին՝ գերեզմանները քանդվել են շինաշխատանքների ժամանակ։ Դժգոհում են, որ բնակարանաշինության վարչությունը գյուղի ազատ տարածքները թողած տներ է կառուցում գերեզմանների վրա։

Մոտ 10 տնտեսություն ունեցող Ղարփբյորք գյուղում ավերվել են նաև հայերի պատրաստած հուշաղբյուրներ: Նշվում է, որ գյուղի եկեղեցու և գերեզմանատան քարերը տարիների ընթացքում գողացվել կամ ոչնչացվել են։

Ղարփբյորք գյուղի հողաշեն (կավաշեն) տները նույնպես քանդվել են «TOKİ»-ի կողմից: Վերջինս որպես պատրվակ նշել է. «Նոր տներ ենք կառուցել, հողաշեն տների կարիք այլևս չկա»։ Թուրքական աղբյուրը հեռախոսազրույց է ունեցել գյուղի բնակիչներից մեկի՝ Հասան Յըլդըրըմի հետ ։ Վերջինս հաստատել է տարածվող լուրեը և նշել, որ շինարարության ժամանակ իրենք գյուղում չեն եղել:

«Լսեցինք, որ այնտեղ շինարարություն է արվել։ Ասացի՝ ամոթ չէ՞, այս խեղճերի գերեզմանների վրա տներ կառուցեցիք։ Ոսկորներն այս ու այն կողմ էին շպրտել։ Ի դեպ՝ մինչև գերեզմանատուն հասնելը, թզենիների մոտ կա մի տարածք, դա գանձապետարանի տարածքն է։ Ինչո՞ւ այնտեղ չեն կառուցել»,- դժգոհում է գյուղացին:

Վերջինս նաև հաստատել է, որ գերեզմանատունն ավելի վաղ թալանվել էր և բազմիցս փորվել (գանձագողերի կողմից – խմբ.)։ Նրա խոսքով՝ այնտեղ 80-90 շիրմաքար կար, սակայն դրանք ևս գողացվել են:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ պաշտոնական արխիվային գրանցումներում գյուղի անունը 1912-ին հիշատակվել է որպես «Խարափուկ»։ Այդ գյուղի հայերը 1915-ին Օսմանյան կայսրության իրականացած Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել էին։ Մասո, Տորո, Էլո, Մելիք, Մանու, Աթթո և Սևան գյուղաբնակ ընտանիքների սերունդներից ողջ էին մնացել մի քանի երեխա։ Իսկ այժմ գյուղում բնակվում են միայն ալևիներ և սունիներ»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026