
Թուրքիայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի որոշմանը
Թուրքիայի նախագահի աշխատակազմի Հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը՝ այն որակելով կեղծավորություն։
Նրա խոսքով՝ 21-րդ դարի «ամենադաժան կոտորածն իրականացրած» Իսրայելը, որը, ինչպես նշել է Դուրանը, «տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների է սպանել՝ չխնայելով երեխաներին, կանանց և տարեցներին», պատմական իրադարձությունները քաղաքական գործիք դարձնելու որևէ բարոյական իրավունք չունի։
Դուրանի գնահատմամբ՝ «1915 թվականի իրադարձությունները», որոնք Իսրայելը ճանաչել է որպես ցեղասպանություն, իրականում փորձ են՝ շեղելու ուշադրությունը պաղեստինցիների արյունից, որը, նրա խոսքով, «Իսրայելի ձեռքերին է», ինչպես նաև Մերձավոր Արևելքում իրականացվող «պետական ահաբեկչությունից» և «մարդկության դեմ հանցագործություններից»։
Նա հավելել է, որ բարոյականության և պատմական պատասխանատվության մասին խոսող պետությունն այսօր, իր բնորոշմամբ, «անընդհատ ռմբակոծում է հիվանդանոցներ, դպրոցներ, պաշտամունքի վայրեր և փախստականների ճամբարներ՝ ոտնահարելով միջազգային իրավունքը»։
Դուրանի խոսքով՝ «Ցեղասպանության մասին գործով ՄԱԿ-ի Միջազգային դատարանում քննության ենթարկվողները ոչ մի իրավունք չունեն Թուրքիային պատմության վերաբերյալ դասեր տալու կամ իրենց խղճի պահապան հռչակելու»։


