
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը ՀՀ և Ադրբեջան․ նպատակները և հետևանքներն՝ ըստ ռուսական մամուլի
Հուլիսի 1-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մեկնել է Հարավային Կովկաս՝ շրջագայության: Չորեքշաբթի նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ գրել է РБК-ն։
Ֆոն դեր Լայենի և Ալիևի բանակցությունների հիմնական թեման էներգետիկ գործընկերության խորացումն էր։ Վերջին տարիներին ԵՄ-ը և Ադրբեջանը խորացրել են իրենց համագործակցությունը լոգիստիկայի ոլորտում: Այսպես կոչված «Միջին միջանցքը», որը կապում է Չինաստանը Եվրոպայի հետ, դարձել է Ասիայի և Եվրոպայի միջև ռազմավարական տարանցիկ երթուղի՝ Մերձավոր Արևելքում գլոբալ մատակարարման շղթայի խափանումների ֆոնին։
Ֆոն դեր Լայենի այցը կարող է խթան հանդիսանալ ռազմավարական ներգրավվածության բանակցություններին, որոնք վերսկսվել են այս տարի։
Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա վերջերս ԵՄ-ը ձգտում է օգնել հանրապետությանը մեղմել Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամի տնտեսական ազդեցությունը, որը սրվել էր գարնանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։
EADaily-ին գրել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Բաքու կատարած այցը ցույց տվեց, որ ԵՄ-ն այլևս Ադրբեջանին չի դիտարկում միայն որպես գազի մատակարար։ Ըստ Կովկասի հարցերով փորձագետ Եվգենյա Գորյուշինայի՝ նրանք փորձում են Ադրբեջանն ինտեգրել Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ԵՄ ավելի լայն ենթակառուցվածքային շրջանակի մեջ։
Московский Комсомолец-ը գրել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ցանկանում է օգնել Փաշինյանին «Մոսկվայի դեմ հակազդեցության» հարցում։
Ըստ կայքի՝ ՀՀ-ում վախենում են, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի այցից հետո ՌԴ-ն պատժամիջոցներ կսահմանի ՀՀ-ի նկատմամբ, ինչպես եղավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Երևան կատարած առաջին այցից հետո։
Այդ ժամանակ Մոսկվան սահմանափակումներ մտցրեց հայկական արտահանման վրա։ Այժմ կանխատեսվում է, որ ԵՄ ղեկավարի այցից հետո Ռուսաստանը Հարավային Կովկասի հանրապետության դեմ կկիրառի պատժամիջոցների երկրորդ խոշոր փաթեթը։
Ըստ կայքի՝ այս մտահոգությունները անհիմն չեն, հաշվի առնելով, որ ուղևորության նպատակը նույնիսկ չի թաքցվում։


