
Ես թուրքական դիպլոմ չունեմ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ կետերով
ԱԺ փոխխոսնակ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Ճեպազրույցի առանցքային որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․
- Քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, ԱԺ նապագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։
- Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, ես թուրքական դիպլոմ չունեմ, ոչ մի մարդ չկա, որ ինձ դաս է տվել Թուրքիայում։
- Ես երբեք չեմ թաքցրել, որ 2016-2017 թվականներին հինգ ամիս Ստամբուլում գիտական հետազոտություն եմ արել ծրագրով, ոչ մեկը ինձ դաս չի տվել, ես ոչ մի դիպլոմ չունեմ։
- Եթե ինքնին ինչ-որ մեկի Թուրքիայում եղած լինելը համարվում է խնդրահարույց, ապա այդ տրամաբանությամբ մեր արևելագիտության ֆակուլտետը պետք է փակել։
- Ընտրական օրենսգրքում փոփոխության նպատակն է ապահովագրվել այն իրավիճակից, երբ, օրինակ՝ արտերկրում մասսայական ընտրակաշառք կբաժանեն և կփորձեն ապօրինի կերպով ազդել Հայաստանի ընտրությունների վրա։ Դա բաց, ուղիղ նպատակն է։
- Տրամաբանական կլինի, որ Հայաստանի ճակատագիրը որոշեն այն մարդիկ, ում շահերի կենտրոնը, կենցաղային շահերի կենտրոնը Հայաստանում է։
- Տրամաբանական կլինի, որ մենք ապահովագրենք մեր երկիրը չարամիտ ապօրինի ազդեցությունից, որը կարող է իրականացվել արտերկրում կամ արտերկրից։
- Ես կարծում եմ, որ այդ երկու խմբակցությունները հանցագործություն են կատարել Հայաստանի Հանրապետության հանդեպ, որովհետև փորձ են կատարել ընտրակաշառքների միջոցով բռնազավթել Հայաստանը և դնել օտարերկրյա ազդեցության տակ։
- Ես չեմ ուզում, որ Էդգար Ղազարյանը գա Ազգային ժողով, որովհետև ես կարծում եմ, որ հայ զինվորի մահը ցանկացողը չպիտի լինի պատգամավոր։
- Եթե «Ուժեղ Հայաստանը» համաձայն չի, ուրեմն պետք է հայտնեն և Էդգար Ղազարյանին ասեն՝ դի՛ր մանդատդ, մի՛ արի Ազգային ժողով, որովհետև չի կարող մարդը, որը ցանկանում է հայ սակրավորի մահը, պատգամավոր լինել։


