
Իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել․ «Ազատություն»
Ադրբեջանում շուրջ երեք տարի գերերված և 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչն անհրաժեշտ էր Եվրոպական դատարանում գործընթաց սկսելու համար․ գրում է «Ազատությունը»։
««Նախապատրաստական փուլում ենք, շաբաթներ անց արդեն գործը մուտք կարվի։ «Ռուբեն Վարդանյանի պարագայում մենք ցուցադրելու ենք, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ անհատական հանցավոր արարք երբևէ Վարդանյանի կողմից չի իրականացվել: Հավաքական ինքնորոշման իրավունքը ապօրինաբար որակավորվել է որպես ահաբեկչություն, մինչդեռ չի կարող լինել պատիժ՝ առանց օրենքով նախատեսված արարքի», – ընդգծեց իրավապաշտպանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի բանտերում պահվող մյուս 15 հայ գերիներին, որոնց շարքում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա Բաքուն դեռ հրաժարվում է նրանց ու նաև վերջիներիս հանրային պաշտպաններին տրամադրել դատավճիռները, որոնք հրապարակվել էին դեռևս ութ ամիս առաջ: Այսինքն՝ 15 հայ գերիներն առայսօր զրկված են իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից, մասնավորապես՝ թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվել նրանց և ինչ ապացույցների հիման վրա:
«Կարծում եմ՝ փորձում են խոչընդոտել միջազգային բողոքներ ներկայացնելու գործընթացին, և նաև մենք չենք բացառում , որ այդ դատավճիռնեը վերջնականացված էլ չեն, քանի որ դատավարությունը ինքնին շինծու էր, և քաղաքական պատվերով էր ձևավորվել դատավարության ելքը: Կարծում եմ՝ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ողջ իրավապահ համակարգը ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնի այդ դատական ակտում, քանի որ գիտակցում են, որ այս գործընթացները տեղափոխվում են միջազգային ատյաններ», – ասաց միջազգային իրավունքի մասնագետը»,- նշում է լրատվամիջոցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


