
«Խաղաղասեր» Ադրբեջանն առաջնագիծ է մտցնում չինական առաջադեմ JF-17 Block 3 կործանիչները․ Military Watch Magazine
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը պաշտոնապես հաստատել են, որ իրենց սպառազինության մեջ այժմ ներառված են չինական JF-17 Block 3 կործանիչները։ Երկրի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում 2 ինքնաթիռ իրականացնում է ուսումնական թռիչք․ գրում է Military Watch Magazine-ը։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Սումգայիթի մոտակայքում գտնվող «Նասոսնայա» ավիաբազայից, որտեղ, ըստ արբանյակային պատկերների, վերջերս կատարվել են նշանակալի արդիականացումներ, այդ թվում՝ կառուցվել է 16 նոր անգար:
Տեսանյութում երևում են նաև JF-17-ներ: Վերջիններիս ներդրումը զգալի փոփոխություն է ներկայացնում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար, որոնք պատմականորեն մեծապես կախված են եղել խորհրդային նախագծման ինքնաթիռներից, մասնավորապես՝ МиГ-29 կործանիչից և Су-25 գրոհային ինքնաթիռից:
JF-17 Block 3-ն առաջադեմ «4+ սերնդի» կործանիչ է, որն օգտագործում է Չինաստանի J-20 հինգերորդ սերնդի կործանիչների ծրագրի տեխնոլոգիաների լայն շրջանակ:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը նախատեսում են ստանալ 40 JF-17 կործանիչ, որի նախնական արժեքը մոտ 1.6 միլիարդ դոլար է, և գործարքը, ըստ որոշ տեղեկությունների, ընդլայնվել է մինչև մոտ 4.6 միլիարդ դոլար։
Փաթեթը ներառում է ինքնաթիռներ, վարժանքներ և դրանց հետ կապված սարքավորումներ: Կործանիչի շատ ցածր սպասարկման կարիքները և շահագործման ծախսերը թույլ են տվել օպերատորներին այն մատակարարել շատ ավելի մեծ քանակությամբ, քան հնարավոր կլիներ ավելի մեծ ինքնաթիռների, ինչպիսին է МиГ-29-ը, դեպքում:
Կործանիչի նշանառության սարքերն ավելի առաջադեմ են, քան 5-րդ սերնդի վաղ մոդելներինը, ինչպիսին է F-22-ը:
JF-17 Block 3-ն օգտագործում է J-20-ի նման օդ-օդ դասի զենքերը, մասնավորապես՝ ռադարային կառավարմամբ PL-15-ը և ինֆրակարմիր կառավարմամբ PL-10-ը: PL-15-ը մնում է բացարձակապես անգերազանցելի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում։


