
«3+3» համագործակցության ձևաչափը պետք է լուծի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա) համագործակցության ձևաչափը պետք է լուծի ամբողջ տարածաշրջանի խնդիրները։
«Կարծում եմ, որ այս փուլում կարևոր է, որ սա լինի լիարժեք վեց կամ հինգ կողմանի համագործակցություն: Մենք գիտենք, որ Վրաստանը չի միացել՝ շատ հստակ օրակարգով։ Այն չպետք է լինի ևս մեկ Մինսկի խումբ, որը գործում է որպես հովանոցային խումբ և զբաղվում է Ադրբեջանին և Հայաստանին բնորոշ հարցերով։ Ո՛չ, մենք պետք է լուծենք ամբողջ տարածաշրջանի՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները», – նշել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Բաքուն այս հայեցակարգը համարում է հիմնարար։ «Եթե մյուս մայրաքաղաքներում նույն ընկալումը լինի, ապա կարծում եմ, որ հնգակողմ հանդիպումը, գոնե արտաքին գործերի նախարարների մակարդակով, պահանջված կլինի», – ընդգծել է Ադրբեջանի նախագահը։


