
Աշխատանքից զրկվելը ոչինչ է հայրենիքի կորստի համեմատ. Արփինե Սողոյանը ABC Media-ին մանրամասներ է հայտնել
Պարտադիր ապահովագրության համակարգի ներդրմամբ պայմանավորված բուժառուների թվի կրճատման պատճառով` աշխատանքից հեռացրել են Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանին։ Համենայնդեպս քաղաքապետարանի պաշտոնական պատճառաբանությունն է դա։ 21 տարի նույն պոլիկլինիկայում աշխատած բժշկուհին բաժանմունքի վարիչն է։ Բաժանմունքում միակն է, որ աշխատանքից ազատվել է՝ հաստիքի կրճատման հիմքով։
«Մեկ դրույք կրճատում են կանանց կոնսուլտացիայի բաժնից, չգիտես ինչու` այդ դրույքը միայն իմն է։ Չորս մանկաբարձ-գինեկոլոգ կար բաժանմունքում, հիմա դառնում է՝ երեք։ Հանել են նաև վարիչի հաստիքը։ Ասում են՝ փոքր բաժանմունքում վարիչի հաստիքը նպատակահարմար չէ, բայց 21 տարի է` այս բաժանմունքն իմ շնորհիվ է կա։ Այս բաժնի համար վարիչը բաժնի մեծության խհետ կապ չունի, այն բավականին ծանր ադմինիստրատիվ և բուժական գործ է պահանջում, որը հարկավոր է համակարգել»,- ABC Media-ի հետ զրույցում պատմել է գինեկոլոգ-մանկաբարձ Արփինե Սողոյանը։
Թիվ 16 պոլիկլինիկայի այս բաժանմունքում մինչև պարտադիր ապահովագրման համակարգի ներդրումը հաշվառված էր 10600 բուժառու, հիմա թիվը 40 տոկոսով պակասել է։ Առողջապահական ապահովագրության ներդրումից հետո 6700 բուժառու է հաշվառված՝ գումարած առողջապահական համակարգից օգտվողները։ Բացի այս բուժառուներից` յուրաքանչյուր բժիշկ 100 հղի կնոջ է ընդունում։ Հիմա այդ աշխատանքը բաժանմունքի մյուս երեք բժշկի ուսերին է մնալու։
Արփինե Սողոյանի պայմանագիրը, քաղաքապետարանի որոշմամբ, լուծարվելու է այս տարվա սեպտեմբերի 14-ից։ Սողոյանն այս որոշման հետևում քաղաքական նոտա է տեսնում։
«Հասկանալի է, որ պակասում են բնակիչները, պակասում են առաջնային օղակի սպասարկող հաստիքները։ Այս ամենի մեջ տրամաբանություն կա, բայց երբ կրճատվող հաստիքը մեկ անձի համար է գործում, մտածելու տեղիք է տալիս»,-ասում էլ բժշկուհին։
Սողոյանը լավ է հիշում մայիսի 18-ը, երբ հանդիպեց Նիկոլ Փաշինյանին։ Ասում է՝ պատահական չէր իրենց հանդիպումը, ինքը գիտեր՝ ուր է գնում և ինչ նպատակով։
«Ես ժամեր առաջ իմացել եմ, որ վարչապետը գալու է մեր թաղամաս, ես պատրաստ եմ եղել, ներքին համոզմունք եմ ունեցել՝ հանդիպելու և իմ սրտի խոսքն ասելու»։
Չի նեղսրտել, որ Փաշինյանն իր ձեռքերից քաշքշել է, ասում է՝ գիտեի իրենց տեսակը։
«Վատ չեմ զգացել, որովհետև դա իրեն բնորոշ է, գիտեի՝ ինչ է ինձ սպասվում, գիտակցաբար եմ գնացել։ Իրեն բնորոշ էժանագին խոսույթն ու ձեռքերի անկանոն շարժումները, հոգեպես պատրաստ էի հանդիպմանը։ Մինչև այսօր որքան հիշում եմ, որ կարողացել եմ նրան հունից հանել, իմ ձայնը տեղ հասցնել, մեծ հոգեկան բավարարվածություն եմ զգում, վերջին վեց տարիների ընթացքում իմ ամենաերջանիկ ու բավարարված օրն եմ ապրել։ Ես գոհ եմ, որ դա արել եմ, չեմ զղջում, գիտակցել եմ, որ նման օր կգա, դա ինձ հետ չի կանգնեցրել»,-ասել է Սողոյանը։
Բժշկուհին խոսել է նաև աշխատանքից զրկվելու մասին։
«Աշխատանքը կորցնելուց հետո գրեթե ոչինչ չեմ զգում՝ հայրենիք կորցնելու փաստի հետ համեմատած։ Իմ աջակիցներն ու ինձ աշխատանքից ազատողները հակառակ բևեռներում են։ Ինձ աջակցողներին ցանկանում եմ՝ ամուր ու հաստատ մնան իրենց պայքարի մեջ, մենք պիտի շարունակենք, պիտի ազատվենք այս անօրեն իշխանությունից։ Հակառակ կողմում կանգնած մարդկանց ասելու ոչինչ չունեմ, հարց չունեմ, մեկ ակնկալիք ունեմ, չեմ զլանա նաև կխնդրեմ, ի սեր Աստծու՝ հեռացե’ք, հերիք է, հեռացե’ք»,-արցունքները խեղդելով` խոսքը եզրափակել է Արփինե Սողոյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 18-ին՝ քարոզարշավի ժամանակ, Արփինե Սողոյանն իր անհամաձայնությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, որից հետո Փաշինյանը սկսել է բղավել նրա վրա, քաշքշել ձեռքերից ու սպառնալ։ Միջադեպից հետո լուրեր տարածվեցին, որ աշխատանքից ազատում են Փաշինյանին բարկացրած բժշկուհուն, սակայն ԲԿ ղեկավարը ABC Media-ին վստահեցրել էր, որ նման հրահանգ չունի


