15 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են հարվածներով և մեղադրանքներով, Սենատը մերժել է 1.15 տրիլիոն դոլար հատկացումը ԱՄՆ ռազմական կարիքների համար․ ամփոփում

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են հարվածներով և մեղադրանքներով, Սենատը մերժել է 1.15 տրիլիոն դոլար հատկացումը ԱՄՆ ռազմական կարիքների համար․ ամփոփում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ հարվածներ են հասցվել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազայի հրամանատարական կենտրոնին, պահեստամասերի և ռազմական տեխնիկայի պահեստներին, ինչպես նաև վառելիքի բաքերին։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հրթիռային հարվածը ոչնչացրել է Քուվեյթի Մինա Աբդուլլահ շրջանում գտնվող ԱՄՆ ռազմական լոգիստիկայի և մատակարարման կենտրոնը։

ԻՀՊԿ-ն հավելել է, որ հարձակումների երկրորդ ալիք է սկսվել Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայի վրա։ Ըստ տեղեկությունների՝ հարվածները հասցվել են F-18 կործանիչներին և ԱՄՆ ռազմական տեխնիկայի պահեստներին։

Իսլամական հեղափոխության պահապանները նաև հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել Իրանի դեմ «թշնամական գործողությունները»։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական բազաների վրա հարվածները կշարունակվեն «մինչև վերջնական հաղթանակը»։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն (CENTCOM), իր հերթին, հայտարարել է Իրանի դեմ հարվածների վերջին փուլի ավարտի մասին։

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ կործանիչներ, անօդաչու թռչող սարքերը և ռազմածովային նավերը, որոնք օգտագործում են ճշգրիտ կառավարվող զինամթերք, հարվածել են Իրանի հրթիռային և անօդաչու ենթակառուցվածքներին, ռազմածովային կարողություններին և ափամերձ պաշտպանության համակարգերին։

CENTCOM-ը հայտարարել է, որ գործողության նպատակն է էլ ավելի թուլացնել Իրանի կարողությունը՝ սպառնալու միջազգային առևտրային նավագնացությանը և քաղաքացիական անձնակազմին Հորմուզի նեղուցում։

Հրամանատարությունը նշել է, որ հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները նույն օրը վերսկսել է իրանական նավահանգիստներ ուղևորվող և այնտեղից դուրս եկող նավերի ծովային շրջափակումը։

Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ իրանական իշխանությունները ձգտում են հաստատել ինքնիշխանություն Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ գործող իրավական նորմերի շրջանակներում։ Ըստ Իրանի փոխնախագահի՝ «այն, ինչ այժմ տեղի է ունենում Հորմուզի նեղուցում, պատրվակ է տարածաշրջանում Միացյալ Նահանգների գերիշխանությունը հաստատելու ծրագրերը իրականացնելու համար»։

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները հասել է իր հիմնական նպատակներին Իրանի հետ պատերազմում։

Թրամփի պնդմամբ՝ եթե ամերիկյան զորքերը դադարեցնեն ռազմական գործողությունները հիմա, Իրանին 20 տարի կպահանջվի վնասը վերականգնելու համար: Նա հավելել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև շփումները շարունակվում են։ Դրանք տեղի են ունեցել նաև հուլիսի 14-ին: «Նրանք ուզում են գործարք կնքել: Բայց ամեն անգամ, երբ նրանք գործարք են կնքում, նրանք այն խախտում են», – պնդել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանի կառավարությանը: «Ես չեմ ուզում հիմա բանակցել: Մենք գործարք ունեինք երեք օր առաջ», – հավելել է ամերիկացի առաջնորդը:

Զուգահեռաբար՝ ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ մերժել է օրինագիծը, որը նախատեսում էր 1.15 տրիլիոն դոլար հատկացնել ԱՄՆ ռազմական կարիքների համար 2027 թվականին:

50 սենատոր քվեարկել է փաստաթղթի օգտին, իսկ 46-ը՝ դեմ: Օրինագծի հետագա քննարկման համար անհրաժեշտ է 60 ձայնի մեծամասնություն: Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն աջակցի այդ միջոցների հատկացմանը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների վերսկսման պատճառով: Դեմոկրատները նախկինում խստորեն քննադատել են Վաշինգտոնի վարչակազմի գործողությունները Իսլամական Հանրապետության հետ հակամարտության վերաբերյալ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026