
Անկարան կշարունակի համակարգել իր գործողությունները Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու համար․ ԱԳՆ
Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովումն Անկարայի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից մեկն է․ նշվել է Թուրքիայի ԱԳՆ-ի 2026 թվականի գործողությունների ծրագրում։ Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններով և համակարգմամբ։
Թուրքիան նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանին աջակցությունը կշարունակվի ամրապնդվել՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորումը հեշտացնելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
Փաստաթղթում ընդգծվում է, որ հա-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված ձևով՝ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար։
Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում Ադրբեջանի հետ հարաբերություններին։
«Նպատակն է, որ մեր ռազմավարական գործընկերությունը նպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, բարգավաճմանը և կայունությանը երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով։ Միաժամանակ, մեր սերտ համակարգումն ու համագործակցությունը Ադրբեջանի հետ վճռականորեն կշարունակվի տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացների շրջանակներում», – նշվում է փաստաթղթում։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության գործողությունների ծրագրում ընդգծվում է, որ Անկարան կշարունակի համակարգել իր գործողությունները Ադրբեջանի հետ՝ 2026 թվականին Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու համար։


