
Շոգի պատճառով՝ Գերմանիայում վտանգի տակ է հայտնվել արտադրությունը, իսկ Ֆրանսիայում 142 մարդ խեղդվել է
Գերմանիայում արտադրությունը վտանգի տակ է Հռենոս գետի ցածր մակարդակի պատճառով։
Ջրի մակարդակն այնքան է իջել, որ նավերը ստիպված են կրճատել իրենց բեռները։ Սա մեծացնում է տրանսպորտային ծախսերը և բարդացնում ածխի, նավթի, քիմիական նյութերի և այլ հումքի մատակարարումն արդյունաբերական օբյեկտներ։
Խնդիրներն արդեն ազդել են մի շարք գործարանների աշխատանքի վրա։ Իրավիճակը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Գերմանիայի արդեն թույլ արդյունաբերական ոլորտի համար։
Խնդիրն ավելի է սրվում երկաթուղային այլընտրանքների բացակայությամբ։ Հռենոսի աջ ափի երկայնքով գտնվող հիմնական բեռնափոխադրման ուղիներից մեկը փակ է վերանորոգման համար։
Միևնույն ժամանակ՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում Ֆրանսիայում աննորմալ շոգի պատճառով խեղդվել է 142 մարդ. հայտնել է երկրի սպորտի նախարար Մարինա Ֆերարին։ Վիճակագրությունը ներառում է հունիսի 19-ից ի վեր ընկած ժամանակահատվածը։ Նախարարի խոսքով՝ մահացածների թիվը 20%-ով ավելի է, քան անցյալ տարվա ցուցանիշը։
Ֆերարին միջադեպերի աճը պայմանավորել է ծայրահեղ շոգով։ Բարձր ջերմաստիճանների պատճառով՝ բնակիչներն ավելի ու ավելի հաճախ են գնում ջրային տարածքներ՝ զովանալու համար։
Մահացությունների 55%-ը տեղի է ունեցել լողալու համար չնախատեսված կամ փրկարարների կողմից չհսկվող տարածքներում։
Ֆերարին կոչ է արել Ֆրանսիայի բնակիչներին պատասխանատու կերպով ընտրել ջրային տարածքները և պահպանել անվտանգության միջոցառումները։


