
Թրամփը կիսվել է Ալիևի՝ իրեն գովաբանող հայտարարություններով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում կիսվել է Breitbart News-ի կողմից հրապարակված հոդվածով՝ հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում արված հայտարարություններին։
Հոդվածում մասնավորապես ընդգծվում է Ադբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում Դոնալդ Թրամփի հասցեին Ալիևի բարձր գնահատականը։
Նախագահը նշել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմերը գրեթե երեսուն տարի նախընտրում էին հակամարտությունը սառեցված պահել, քան լուծել այն։
«Դոնալդ Թրամփը մարդ է, որը սիրում է խաղաղությունը։ Նա խաղաղությունը դիտարկում է որպես հնարավորություն», – հայտարարել է Ալիևը։
Ըստ նրա՝ Թրամփի վարչակազմը ճիշտ է հասկացել Ադրբեջանի մտահոգությունները, փորձել է համոզել Հայաստանի ղեկավարությանը, որ խաղաղությունը օգտակար է երկու երկրների համար, և, որպես արդյունք, «ստեղծել է մի շրջանակ, որը հնարավոր է դարձրել խաղաղությունը»։ Ալիևը նաև հիշել է անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տանը կայացած հանդիպումը։
Այդ գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Առաջնորդները ստորագրել էին համատեղ հռչակագիր, իսկ արտաքին գործերի նախարարները՝ նախաստորագրել խաղաղության համաձայնագիրը։
Ավելին, համաձայնագիրը կյանքի կոչելու համար ստեղծվել է ԱՄՆ-Ադրբեջան համատեղ աշխատանքային խումբ։
Ալիևի խոսքով՝ այս մեխանիզմը ցույց տվեց Վաշինգտոնի լուրջ մոտեցումը համաձայնագրի իրականացմանը։



