
«Ոդիսևս»․ նոր հեռուստասերիալի նկարահանումները տեղի կունենան Հայաստանում և Հունաստանում
«Ոդիսևս»․ Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա Հայաստանում և Հունաստանում կնկարահանվի նոր հեռուստասերիալ․ նկարահանումները նախատեսվում է սկսել 2027 թվականին։
Հունաստանում Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» ֆիլմի պաշտոնական դիստրիբյուտոր Tanweer ընկերությունը կնկարահանի նոր՝ Նոլանի ֆիլմի հետ կապ չունեցող «Ոդիսևս» հեռուստասերիալը՝ համագործակցելով ամերիկյան նորաստեղծ Tectonic պրոդյուսերական ընկերության ներկայացուցիչներ Կառլ Գաջդուսեկի, Ջորդան Դայքստրայի և Շոն Ֆայնիգանի, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող հայկական USATV ընկերության հետ․ գրում է Deadline-ը։
Մի քանի տարվա մշակումներից հետո ստեղծագործական թիմը նախատեսում է նկարահանումները սկսել հաջորդ տարվա սկզբին՝ Հայաստանում և Հունաստանում։ Նախագծի հեղինակների խոսքով՝ հետագայում սերիալը կարող է վերածվել ավելի լայն արտոնաշարի (franchise)՝ ներկայացնելով Հոմերոսյան աշխարհի այլ պատմություններ։
Հեռուստասերիալի ռեժիսորը Ռոել Ռեյնեն է, որը նախկինում աշխատել է այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են «Washington»-ը, «Black Sails»-ը, ինչպես նաև Paramount+-ի «Halo»-ն և Netflix-ի «Wu Assassins»-ը։
«Stranger Things» սերիալի առաջին սեզոնի գործադիր պրոդյուսեր Կառլ Գաջդուսեկը կղեկավարի նախագիծը։ Գործադիր պրոդյուսերների կազմում ընդգրկված են նաև Վահագն Սարգսյանը՝ USATV-ից, Ջորդան Դայքստրան, Դենիսա Յուհոշը, Շոն Ֆայնիգանը, Սքոթ Ուինդհաուզերը, Նոա Լենգը, Բլեյք Հոսը և Դիոնիսիս Սամիոտիսը՝ Tanweer ընկերությունից։
Ստեղծագործական թիմի խոսքով՝ սերիալը կլինի բրոնզեդարյան աշխարհի՝ արյան, նավերի, դավաճանության և այդ դարաշրջանում գոյատևելու համար պայքարող մարդկանց մասին։ Նշվում է, որ պատմական փաստերի վրա հիմնված մոտեցումը թույլ կտա պատմությունը ներկայացնել բրոնզի դարի փլուզմանը նախորդած լայնածավալ ցնցումների համատեքստում։
Դերասանական կազմի, հեռարձակողի ինչպես նաև թողարկման ամսաթվի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն արվել։


