
Տրանսպորտային կապերի և նախագծերի զարգացումը նպաստում է ամբողջ տարածաշրջանի տնտեսական կայունության ամրապնդմանը․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը նշել են, որ տրանսպորտային կապերի և տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի զարգացումը նպաստում է ոչ միայն մասնակից պետությունների, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական կայունության ամրապնդմանը․ նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Նախարարները նաև ընդգծել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման, բազմամոդալ տրանսպորտի ընդլայնման և լոգիստիկ երթուղիների արդյունավետության բարձրացման կարևորությունը։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։
Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո «տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունները հիմնված են միջազգային իրավունքի սկզբունքների՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության վրա»։
Նշվել է, որ Ադրբեջանի հավատարմությունը խաղաղության օրակարգին, «նրա կառուցողական նախաձեռնությունները և վստահության ամրապնդման քայլերը զգալի ներդրում են ունեցել կարգավորման գործընթացի առաջխաղացման գործում»։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության և տարածաշրջանային և միջազգային անվտանգության այլ հարցերի վերաբերյալ։ Ընդգծվել է դիվանագիտական երկխոսության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հարգանքի կարևորությունը խաղաղության և կայունության ապահովման գործում։
Այցի ընթացքում նախարարները ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2026-2027 թվականների խորհրդատվությունների ծրագիրը։


