
Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի խաղաղություն է․ Բայրամով
Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի խաղաղություն է․ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ Բաքվի և Երևանի միջև փաստացի խաղաղություն է։ Ադրբեջանական կողմի խաղաղության նախաձեռնությունները զգալիորեն արագացրել և նպաստել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին», – նշել է նախարարը։
Բայրամովի խոսքով՝ անվտանգության ձևաչափը հիմնված է միջազգային իրավունքի գերակայության վրա. «Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած պատմական իրադարձություններն, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, ստեղծում են եզակի հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար»։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ քննարկումների ընթացքում իր ռուս գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը։


